Ucom և iCON ընկերությունները կմիավորվեն Ucom ապրանքանիշի ներքո: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը, վաղը Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը և Icon Communications-ի գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը կներկայացնեն ընկերությունների միավորման նպատակներն ու ապագա ծրագրերը:
«iCON-ն այսօր բավական լավ ենթակառուցվածք ունի շարժական ինտերնետ մատուցելու առումով, իսկ մենք՝ ֆիքսված: Նպատակն այն է, որ մեր հաճախորդներին ֆիքսվածի և շարժական կապի այլընտրանքային հնարավորություն ընձեռենք»,- ասաց Ա.Բարսեղյանը:
Ucom-ի կոմերցիոն տնօրենը չկանխատեսեց, թե ընկերությունների միավորումից հետո բաժանորդների թիվն ինչպես կփոխվի՝ նշելով, որ խոսքը մի ընկերության բաժանորդներին մյուս ընկերության մեջ ներգրավելու մասին չէ, այլ՝ նոր ծառայության հնարավորություն տալու:
Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ Ucom-ը գնեց NetSys ընկերությունը, ինչի արդյունքում Ինտերնետի սակագները չփոխվեցին, սակայն կապի նվազագույն արագությունն ավելացավ 1.5-2 անգամ: NetSys ընկերությունը տրամադրում է հոսթինգ ծառայություն, իսկ միավորման շնորհիվ շուտով կսկսի օգտագործել Ucom-ի ստեղծած սերվերային բազան, ինչն էլ կնպաստի Հայաստանում հոսթինգ ծառայության զարգացմանը:








































