Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը՝ Եկատերինբուրգում իրավապահների գործողությունների կապակցությամբ ռուսական կողմին է փոխանցել պաշտոնական Բաքվի բողոքի նոտան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Նշվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է ձեռնարկել անհապաղ միջոցներ՝ իրավապահների գործողությունների բազմակողմանի և օբյեկտիվ հետաքննության, ինչպես նաև մեղավորներին Ռուսաստանի օրենսդրության համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար:
Դեսպանը ռուսական կողմին տեղեկացրել է նաև «Սպուտնիկ-Ադրբեջան»-ի խմբագրության գրասենյակում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման մասին։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իրավապահների իրականացրած օպերատիվ-որոնողական միջոցառումները լիովին համապատասխանում են երկրի օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին:










































