Լիբիայի իշխանության բարձրագույն մարմինը` Ազգային անցումային խորհուրդը (ԱԱԽ), հաստատել է, որ Սաբհա քաղաքի մերձակայքում հայտնաբերվել է քիմիական զենք:
«Սաբհա քաղաքի շրջանում Խորհրդի ուժերի հսկողության տակ է գտնվում քիմիական զենքի պահեստ, որը Մուամար Քադաֆիի վարչակարգը ստացել է 80-ական թթ. սկզբին ասիական երկրներից մեկից»,- հայտարարել է ԱԱԽ անդամ Հասան Ալ-Սուհեյրը:
Նրա խոսքով` պահեստում գտնվող զենքը բավարար էր «ամբողջ լիբիացի ժողովրդին ոչնչացնելու համար»:
Քիմիական զենքի պահեստը հայտնաբերվել է Քադաֆիի վարչակարգի նախկին պաշտոնյաներից մեկի օգնությամբ: Այն գտնվում է անապատում և զբաղեցնում է 50 քառ. մետր տարածք: Այժմ պահեստը գտնվում է հեղափոխական ուժերի լիակատար վերահսկողության տակ, և բանակցություններ են տարվում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայացուցիչների հետ` զենքը ոչնչացնելու համար:
Ալ-Սուհեյրը նաև հայտարարել է, որ գտնված քիմիական զենքը, հնարավոր է, Քադաֆիից ժառանգություն մնացած վերջին «անակնկալը» չէ:










































