Թբիլիսյան «Ասավալ-Դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն անդրադարձել է կրեմլյան տանդեմի՝ Մեդվեդևի ու Պուտինի առաջիկա փոխատեղմանը.
«Ցանկության դեպքում Վրաստանը կարող է «ընդհանուր լեզու» գտնել Ռուսաստանի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, եթե վերջինս 2012 թվականին վերստին դառնա Ռուսաստանի նախագահ։ Ես Պուտինին ճանաչում եմ գրեթե մանուկ հասակից։ Նա չի ատում վրացիներին։
Գոյություն ունի մեկ խնդիր. Վրաստանը պետք է իմանա իր տեղն ու իր արժեքը։ Մյուսներին նույնպես պետք է գնահատել։ Ռուսաստանը մեր մեծ հարևանն է, որը ամուր դիրքեր ունի մեր տնտեության մեջ։ Ռուսաստանի ձեռքում է գտնվում մեր ռազմավարական օբյեկտների մեծ մասը։ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը։
Անհիմն է պնդելը, թե Պուտինի վերադարձը Վրաստանի համար աղետալի կլինի»։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի վերջին Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել էր, թե 2012 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում Վրաստանի համար ձեռնտու է Պուտինի թեկնածությունը.
«Իմ կարծիքով, Վրաստանին առավել ձեռնտու է Պուտինի` նախագահ դառնալու տարբերակը: Պետք է հիշել, որ Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրաժարվեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ բանակցելուց:
Բացի այդ, ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ հենց Վլադիմիր Պուտինն է ժամանակին ընդունել վրացական ընդդիմության առաջնորդներին: Ես չեմ բացառում, որ նախագահ դառնալուց հետո Պուտինը բանակցություններ կվարի Սաակաշվիլիի հետ: Պուտինն առավել լոյալ է տրամադրված վրացիների հանդեպ»։








































