Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հերբերտ Քվելլեն հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության տևական լուծումը հնարավոր է միայն միջազգային հանրության աջակցության դեպքում.
«Միջազգային հասարակական կարծիքն առանցքային դեր է խաղալու այդ աջակցության ձևավորման մեջ։ Գերմանիան, ինչպես և ԵՄ-ը շահագրգռված է այդ հակամարտության կարգավորմամբ։ Մենք ընդունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, և ոչ ոք չի ցանկանում խախտել այդ ձևաչափը։
Պարզապես ԵՄ-ը և Գերմանիան մտահոգ են, թե խնդրի խաղաղ կարգավորման համար ինչ կերպ կարող են աջակցել բանակցային գործընթացին։ Հարավային Կովկասում ԵՄ-ի նոր հատուկ ներկայացուցիչը մոտ ապագայում հանդես կգա նոր առաջարկներով»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԵՄ-ը բազմիցս հայտարարել է, թե ցանկանում է ավելի մեծ դերակատարություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։