Այսօր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը իր ելույթը սկսեց այսպես. «Գիտե՞ք ով է փորձում ատամ ցույց տալ կամ վախեցնել… գողը, հանցագործը: Այս օրերին ինչ ասես՝ փորձել են, ինչ տականքություն ասես՝ արել են, բայց դրանով ընդամենը ցույց են տալիս իրենց վախի չափը, որովհետև իրենցից լավ ոչ մեկը չգիտի իրենց էությունը»: Նա նաև ավելացրեց, որ նրանք մեզնից լավ գիտեն Մարտի 1-ին, Ապրիլի 12-ին, Հոկտեմբերին 27-ին ինչ են արել, ինչքան մարդ է արտագաղթել, ինչքան զինվոր է մահացել, ինչքան է Հայաստանի պարտքը, Հայաստանի աշխատավարձը Եվրոպայում վերջից առաջին տեղում է: Նրա խոսքերով` այդ գիտենալու վախից, ատամ են ցույց տալիս, կատվի նման ֆշշացնում են, որ իբր ճանկ կգցեն, բայց բնության մեջ, ֆիզիկայում և քաղաքագիտության մեջ կա պարզագույն օրենք` ազդեցությունը հավասար է հակազդեցությանը:
ՀՀՇ նախագահը իշխանությանը ասաց.«Այսօր վախեցրիք՝ հինգ հոգի չեկավ հանրահավաք, վաղը` տասը չեկան, բա հետո այդ մարդու մեջ նստվածք չի ավելանում, նրանք ուղղակի մարտկոցն են լիցքավորման դնում, բայց ցանկացած ջրամբար տանում է այնքան, ինչքան իր ծավալն է, իսկ դրանից ավելը հորդում է»: Նա նաև նշեց, որ իրենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտի անձի դեմ խնդիր չունեք, ունեն հստակ գիտակցված տրամաբանված բացատրություն, թե ինչու չեն ուզում Հայաստանը ղեկավարվի այսպես: «Մեր խնդիրը երկրի կառավարման տեխնոլոգիաների մեջ է»,-ասաց Արամ Մանուկյանը:










































