Հոկտեմբերի 2-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում դերասան Աշոտ Ադամյանը անդրադարձավ, իր իսկ խոսքերով, զավեշտալի այն իրողությանը, որ հրապարակի տարածքում ավազակապետությունը փակում է զուգարանները. «Մենք առողջ ենք, մենք մեր տակը չենք լցնի, դուք մտածեք»,- ասաց դերասանը:
Նրա խոսքերով`այն ամբողջ տարածքը, որ կոչվում է «մշակութային տարածք», պետք է հիմնված լինի սթափ և կրթված քաղաքական գործիչների և բոլոր բնագավառներում պրոֆեսիոնալների վրա, իսկ այսօր բռնի, կոշտ, կոպիտ իրողություն է, որի նպատակը ցանկացած պրոֆեսիոնալի ճանապարհը փակելն է: Աշոտ Ադամյանի խոսքերով՝ մենք կունենանք սիրողական երկիր.«Սիրողներով գնացեք ձեր երկիրը շենացրեք, իսկ մեզ հանգի՛ստ թողեք»,-ասաց Աշոտ Ադամյանը:
Դերասան Երվանդ Մանարյանը, անդրադառնալով զուգարանները փակելու խնդրին, ասաց, որ նրանք այդ քայլն անելով, ապացուցեցին, որ մարմնի միայն համապատասխան մասով մտածող մարդիկ են. «Գլխով մտածողը այդպիսի բան չի անի, և այդ մարդուն պետք է ասել` շփոթության մեջ ես հոգիս, ուզում ես այստեղ, թե մի այլ պատի տակ լինի, կարևոր չէ, կարևոր խնդիրը ազատ լինելն է, որ դու իրավունք ունենաս ասելու այն, ինչ մտածում ես»: Դերասանը նաև ասաց, որ ինքն այս երկրի տերն է, որ ինքը դեռ քսան տարեկանում է որոշել, որ այս երկրի տերը պետք է լինեի և քսաներկուսում եկել է, որ այս երկրի տերը լինի և մինչև հիմա այդպես էլ մտածում է: Նա ասաց, որ իր համար բացարձակ նշանակություն չունի հրապարակում քանի հոգի է. «Ես այստեղ եմ՝ բավական է, ես ոչ ոքի չեմ զիջի իմ իրավունքները: Ես այս երկրի տերն եմ»,-ասաց դերասանը:
Նա նաև նշեց, որ իրեն հաճախ են փողոցում հարցնում են`Լևոնը ի՞նչ է մտածում. «Քեզ ի՞նչ, դու ի՞նչ ես մտածում, քեզ տրված է մտածելու հնարավորություն, իսկ եթե ուզում ես իմանալ Լևոնը ինչ է մտածում, արի այստեղ՝ իմացիր, երբեք չմտածեք, հուսահատության նշույլ չլինի»: Նա նաև ասաց, որ յուրաքանչյուր հանրահավաքում կանգնածն ինքն է հանրահավաք:
«Մենք հաղթելու ենք ենք, մենք հաղթելու ենք, մենք հաղթելու ենք»,-եզրափակեց Երվանդ Մանարյանը:










































