Մեծ Բրիտանիան դադարեցրել է ազատ առևտրի բանակցություններն Իսրայելի հետ և պատժամիջոցներ է սահմանել Արևմտյան ափի մի շարք հայտնի գործիչների և մի քանի վերաբնակների նկատմամբ։ Այս մասին հայտնում է The Associated Press-ը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին նշել է, որ կառավարությունը չի կարող շարունակել բանակցություններն Իսրայելի կառավարության հետ գործող առևտրային համաձայնագրի թարմացման վերաբերյալ՝ անընդունելի քաղաքականություն անվանելով Գազայում և Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում իրականացվող գործողությունները։
«Պատմությունը կդատի նրանց։ Օգնության արգելափակում։ Պատերազմի ընդլայնում։ Բարեկամների և գործընկերների մտահոգությունների անտեսում։ Սա արդարացում չունի և պետք է դադարեցվի», – հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարարը։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ դաշինքը վերանայում է Իսրայելի հետ առևտրային կապերը կարգավորող ԵՄ պայմանագիրը՝ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։ Նա նշել է, որ անդամ երկրների «հսկայական մեծամասնությունը» «շատ է ցանկանում այն ուղերձն ուղարկել, որ այս մարդկանց տառապանքներն անտանելի են»։
Նա, սակայն, չի տրամադրել պայմանագրի վերանայման ժամկետների և մեխանիզմների վերաբերյալ հստակ մանրամասներ։
Մերձավոր դաշնակիցների ճնշումն Իսրայելի վրա աճում է Գազա օգնության մատակարարումների գրեթե երեքամսյա շրջափակումից հետո, որը հանգեցրել է սովի մասին նախազգուշացումների։ Նույնիսկ Միացյալ Նահանգները՝ Իսրայելի հավատարիմ դաշնակիցը, մտահոգություն է հայտնել սովի ճգնաժամի վերաբերյալ։








































