Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ իր կառավարությունը հրաժարվում է շարունակել խաղաղ բանակցությունները «Թալիբան» շարժման հետ:
Ինչպես հաղորդում BBC-ն՝ վկայակոչելով Քարզայի խոսքերը, այդպիսի որոշում է կայացվել Աֆղանստանի նախկին նախագահ Բուրհանուդին Ռաբբանիի սպանությունից հետո: Նախկին նախագահը, որը գլխավորում էր Խաղաղության Բարձրագույն խորհուրդը, սպանվել է սեպտեմբերի 20-ին` «Թալիբանի» ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ:
Սեպտեմբերի 30-ին ելույթ ունենալով կրոնական առաջնորդների առաջ` Քարզայը հայտարարել է, որ իրենք թալիբների շրջանում խաղաղ բանակցությունների համար գործընկեր չեն գտնում: Նա նշել է, որ ստեղծված պայմաններում Աֆղանստանի իշխանությունները Պակիստանը դիտում են որպես խաղաղ բանակցությունների համար միակ հնարավոր գործընկեր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Պակիստանից պահանջում է վճռական քայլեր ձեռնարկել «Հակկանի» ծայրահեղական խմբավորման դեմ (այն համարվում է «Թալիբանի» ճյուղերից մեկը), որը, ըստ ԱՄՆ իշխանությունների, մասնակցել է Աֆղանստանի տարածքում կազմակերպված մի քանի ահաբեկչությունների:











































