«Անադոլուն» շատ հետաքրքրական տեղեկություն է հայտնում, ապրիլի 21-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեն ամբողջ կազմով ժամանել է Մոսկվա: Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել կոմիտեի նախագահ Ֆուադ Օքթայը:
«Հույս ունեմ, որ նախատեսված հանդիպումները, որ մենք կունենանք մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունների շուրջ մտքերի փոխանակման նպատակով, արդյունավետ կլինեն»,- գրել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը:
Թուրքիայի խորհրդարանական «դեսանտը» Մոսկվա է ժամանել Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար բավական բարդ իրավիճակի ֆոնին: Ընդ որում՝ Էրդողանը բախվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին լուրջ մարտահրավերների:
Որքանով դիտարկվում է, Թուրքիայի նախագահի Միացյալ Նահանգներ այցը չի ստացվում: Թուրք-ամերիկյան առանց այդ էլ բարդ հարաբերություններին գումարվել է Մասաչուսեթսի համալսարանի ասպիրանտ Ռյումեսա Օզթյուրքի արտաքսման հետ կապված իրավիճակը: Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նրան անվանել է «խելացնոր»: Օզթյուրքը վերջին մի քանի ամիսներին ի աջակցություն Պաղեստինի և ընդդեմ Իսրայելի՝ բազմաթիվ ակցիաներ է իրականացրել: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆաքան Ֆիդանի կարծիքով՝ Օզթյուրքի հետ կապված իրավիճակը բացահայտում է ԱՄՆ-ում ներքին պայքարը:
Արտաքին «ճակատում» Թուրքիայի ամենալուրջ կորուստ կարելի է համարել ուկրաինական կարգավորման հարցով ԱՄՆ- եվրոպական «եռյակ» բանակցությունները, որ այս շաբաթ պետք է շարունակվեն Լոնդոնում: Էրդողանը բազմիցս հայտարարել է ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին: Երևում է՝ նրա «ծառայությունը» մնացել է չպահանջված:
Երկրորդ տարին է, ինչ Անկարայում սպասում են Ռուսաստանի նախագահ Պուտինին: Մոսկվան հրավերը չի մերժում, բայց այցը չի կայանում: Ակնհայտ է, որ Պուտինը չի ընդունում Ուկրաինայի հարցում թուրքական միջնորդությունը՝ նպատակ ունենալով «գործարքի պայմանները» համաձայնեցնել Միացյալ Նահանգների հետ:
Առկա իրավիճակում, սակայն, ուկրաինական կարգավորմանը Թուրքիայի ներգրավվածությունը Մոսկվային կարող է ձեռնտու լինել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը վերստին դժգոհել է գործընթացին եվրոպական «եռյակի» մասնակցությունից: Եվ եթե չհաջողվի չեզոքացնել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ֆրանսիա-Գերմանիա կոնսենսուսը, ապա, գուցե, Ռուսաստանը փորձի ներգրավել Թուրքիային:
Ըստ երևույթին՝ Անկարայի խորհրդարանական «դեսանտը» Մոսկվայում քննարկելու է այդ, ինչպես նաև Սիրիայի հետ կապված հարցեր: Բաշար Ասադի տապալումից հետո Թուրքիան Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայությանը շատ կտրուկ դեմ է արտահայտվել: Բայց այլևս իրողություն է, որ Անկարան ի զորու չէ միայնակ «կառավարել» Սիրիան:
Նույն օրը, երբ թուրքական պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ Զամերն այցելել է Գոլանի բարձունքներ և Սիրիայի հետ սահմանի բուֆերային գոտի: Նա հայտարարել է, որ «Սիրիան փլուզված է, Իսրայելը չի կարող իր անվտանգությունը վստահել անցումային կառավարությանը»: Դա հստակ ակնարկ է, որ Իսրայելը Սիրիայի հարավից հեռանալու մտադրություն չունի: Այդ իրավիճակում Սիրիայի արևմուտքում Ռուսաստանի ռազմահենակայանները կարող են իսրայելական «էքսպանսիան» հակակշռող գործոն լինել:
Շատ կարևոր է նաև, որ Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը Մոսկվա է այցելում ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինի և հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանի հետ հեռախոսազրույցից հետո: Մոսկվան հայ-թուրքական կարգավորմանն «աջակցելու» պատրաստակամություն է հայտնել: Ըստ երևույթին՝ թուրք խորհրդարանականները քննարկելու են նաև այդ, ինչպես նաև հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հետ կապված հարցեր:









































