Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հանդիպումը, որ Թրամփի պաշտոնամուտից հետո արդեն երկրորդն է: Ինչպես իսրայելական աղբյուրներն են հայտնում, Նաթանյահուն աշխատանքային այցով գտնվում էր Հունգարիայում, երբ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ և «շտապ Վաշինգտոն հրավիրել»:
Ըստ Սպիտակն տան պաշտոնական հաղորդագրության` Թրամփը և Նաթանյահուն պետք է բանակցությունների ավարտին համատեղ մամուլի ասուլիս անցկացնեին, բայց վերջին պահին այն չեղարկվել է: ԱՄՆ-ի նախագահը և Իսրայելի վարչապետը Սպիտակ տան Օվալաձև սրահում լրագրողների հետ կարճատև շփում են ունեցել:
Միացյալ Նահանգների նախագահը, ընդսմին, բավարարվել է մեկ նախադասությամբ. «Մենք քննարկել են Իրանի ակնհայտ խնդիրը և առևտրի հետ կապված ոչ այնքան էական հարցեր»: Ի տարբերություն Թրամփի՝ Նաթանյահուն բանակցությունների իրանական թեմատիկայի մասին չի խոսել: Իսրայելի վարչապետը, ինչպես մամուլն է փոխանցում, կարևորել է երկու հանգամանք. ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը և հրեա պատանդների հայրենադարձությունը և Սիրիայում թուրքական զինված ներկայության շուրջ մտահոգությունը:
«Մենք Թուրքիայի հետ հակամարտություն չենք ցանկանում, բայց Սիրիան չի կարող վերածվել Իսրայելի դեմ սպառնալիքի հարթակի»․ արտառոց է, թե Միացյալ Նահանգների նախագահն ինչո՞ւ լրագրողներին ոչինչ չի ասել հրեա պատանդների հայրենադարձության, Գազայում հրադադարի երկարաձգման, ինչպես նաև Սիրիայում իսրայելա-թուրքական հնարավոր հակամարտության մասին, իսկ Իսրայելի վարչապետի շրջանցել է Իրանի վերաբերյալ քննարկումները:
Կարելի է ենթադրել, որ կամ կողմերն Իրանի հարցում հասել են սկզբունքային այնպիսի համաձայնության, որի մասին պայմանավորվել են լռել, կամ Դոնալդ Թրամփը չի պաշտպանել Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու գաղափարը և Իսրայելի վարչապետի հորդորել է կենտրոնանալ Գազայում պատանդների փոխանակության և հրադադարը երկարաձգելու հեռանկարի վրա:
Իրավիճակը գնահատելու համար, թերևս, խորհրդանշական է «Եդիոտ ախրոնոտի» մի հրապարակումը, որի հեղինակը հիշեցնում է Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի 2002 թվականի վաշինգտոնյան այցը, որի ընթացքում նա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին փորձել է համոզել, որ Իրաքի փոխարեն լուծի Իրանի հարցը և հաջողության չի հասել:
Կարելի՞ է ենթադրել, որ ենթատեքստն այն է, որ Նաթանյահուին «նույնպես չի հաջողվել համոզել Թրամփին», որ Մերձավոր Արևելքում ոչ թե Եմենի հութիներն են սպառնալիք, այլ «Իրանի միջուկային ծրագիրը»: Ընդ որում՝ իսրայելական աղբյուրները միանշանակորեն պնդում են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների գաղափարը մերժում է փոխնախագահ Վենսը, ում շուրջ համախմբված է մի հզոր թիմ: Վենսը, ըստ այդմ, համարում է, որ Միացյալ Նահանգների գլխավոր սպառնալիքը Չինաստանն է, և ռազմական ռեսուրսների մեծ մասը պետք է կենտրոնացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Չափազանց բարդ է կողմնորոշվել, թե ի՞նչ «ինդուլգենցիայով» Երուսաղեմ կվերադառնա Բենիամին Նաթանյահուն, բայց «Եդիոտ ախրոնոտի» վերլուծականը պնդում է, որ ԱՄՆ-Իրան միջնորդավորված բանակցություններն արդեն մեկնարկել են, թեև կողմերն այդ մասին տեղեկությունը հերքել են:
Այս ֆոնին դիտարժան տեղեկություն է հայտնել «Անադոլուն», ըստ որի՝ հետաձգվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի Իտալիա այցը: Ինչպես պարզել է թուրքական կողմը, Իտալիայի վարչապետ Մելոնին պատրաստվում է ուղևորվել Վաշինգտոն: Նույն աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ շաբաթվա ընթացքում Անկարա կայցելի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան: Ենթադրվում է, որ այդ ընթացքում կստորագրվի սիրիական երեք օդանավակայանում թուրքական ռազմակայան հիմնադրելու մասին համաձայնագիր: Նաթանյահուն Թրամփից Սիրիայում թուրքական հենակետերը թիրախավորելու «արտոնությո՞ւն է ստացել»:









































