Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը արտահերթ հարցազրույց է տվել երեք ռուսաստանյան հեռուստաալիքներին, որտեղ ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում իր և Պուտինի կայացրած որոշումների էությունը: Նա խոսել է երկրում ստեղծված իրավիճակի, ընտրությունների մասին` հավաստիացնելով, որ այդ ընտրությունների լինելու են ազնիվ, և հնարավոր չէ կանխատեսել, թե ով է հաղթելու:
«Ընտրություններն իրականացվում են ժողովրդի կողմից, և դա դատարկ խոսքեր չեն, հենց այդպես էլ կա: Ցանկացած քաղաքական գործիչ և նրա քաղաքական ուժը կարող են դուրս մնալ դրանց արդյունքում, և մեր պատմության ընթացքում նման դեպքեր մեկ անգամ չէ, որ եղել են: Ոչ ոք ոչնչից ապահովագրված չէ: Ի՞նչ կանխորոշվածություն: Թող մարդիկ որոշեն, թե ում համար են քվեարկում, ոմ վարկն է ավելի բարձր»,- ասել է Մեդվեդևը, որի հարցազրույցի այս հատվածն արդեն ցուցադրվել է հեռուստատեսությամբ, իսկ այն ամբողջությամբ հեռարձակվելու է այսօր երեկոյան: Վերլուծաբանները սրանից եզրակացրել են, թե Մեդվեդևն ակնարկել է, որ Պուտինն ու «Եդինայա Ռոսիան» էլ կարող են պարտվել այս ընտրություններում:









































