Վաղը Տարեցների միջազգային օրն է: Այս առիթով այսօր ոլորտի հիմնախնդիրների մասին խոսեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, նույն վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը, «Նորքի տուն-ինետերնատ » ՊՈԱԿ–ի տնօրեն Կոլյա Մակարյանը:
Արթուր Կեսոյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում գործում է յոթ տուն-ինտերնատ․ չորսը՝ պետական, երեքը` ոչ պետական: Պետականում խնամվում են 1090 շահառուներ, իսկ ոչ պետականում՝ մոտ 100:
Մեկ խնամվողի օրվա ծախսը 3860 դրամ է, որից 1430-ը ծախսվում է սննդի վրա: Նախատեսվում է օրվա գումարը 15-20 տոկոսով ավելացնել:
Տուն-ինտերնատներում գտնվողների մի մասը ունեն հարազատներ, որոնք հիմնականում գտնվում են արտասահմանում: Անօթևանների հետ աշխատանքեր են տարվում, որ վերադառնան իրենց ընտանիքներ:
Վարդենիսի ինտերնատում ապաստանողները հոգեկան խնդիրներ ունեն, և նրանց դեղորայքի ու ավել սննդի հետ կապված՝ օրական ծախսերը հինգհազարից անցնում են:
Լրագրողների այն հարցին, թե ինչ սկզբունքով են անօթևաններն ինտերնատներ ընդունվում,
նշված վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը պատասխանեց, որ պարտադիր քաղաքացու համաձայնությունը պետք է լինի: Անօթևան մնացած մարդը դիմում է տվյալ տարածքի համպատասխան բաժին, ստուգում են նրա բնակարանային պայմանները և, եթե իսկապես վատ պայմաններում է բնակվում, նախարարությունն ուղեկցում է տուն-ինտերնատ:
Տուն-ինտերնատներ ընդունվում են 65 տարին լրացած քաղաքացիները: Իսկ, եթե ավելի ցածր տարիքի են, իրենք փորձում են աշխատանքի տեղավորել և վերադարձնել ընտանիք:
Գևորգյանը նկատեց, որ տեղերը ազատվում են մահվան դեպքերում, որից հետո այդ տեղը զբաղեցնում են հերթագրվածները: Ավելին, եթե հարազատները հնարավորություն կամ ցանկություն չեն ունենում հանգուցյալին հուղարկավորել, ինտերնատն է այդ ծախսերը հոգում:
Լրագրողների այն հարցին, թե ներկա պահին քանի մարդ կա հերթագրված, Գևորգյանը պատասխանեց, որ տարիներ առաջ մինչև 200 հոգի հերթի մեջ լինում էր, իսկ այս պահին իրենց հերթին սպասողներ չկան: Պատճառներից մեկն էլ այն է, որ տեղեր են ավելացրել: Իսկ տարեցների սպասարկման համար պետբյուջեից մոտ երկու միլիարդ գումար է տրամադրվում: Անժառանգ միայնակները պետության կողմից միանվագ թոշակ են ստանում:
«Նորքի տուն-ինետերնատ» ՊՈԱԿ –ի տնօրեն Կոլյա Մակարյանը նշեց, որ իրենց մոտ արդեն երկու-երեք ընտանիք է ձևավորվել, մարդիկ ցանկանում են մեկը մյուսի մասին հոգ տանել: Իսկ ինքը շատ ընտանիքների քավոր է: Նրա խոսքերով՝ այդ ամենը շատ հաճախ թաքուն բնույթ է կրում, քանի որ ամաչում են, բայց բոլորը գիտեն, որ նրանք զույգեր են:
Ի դեպ, տարեցների 10․500 դրամ թոշակը պահվում է պետության կողմից՝ նրանց ծախսերը հոգալու համար:
Վաղվա տոնի կապակցությամբ տեղի են ունենալու միջոցառումներ, ինչպես նաև բարերարների կողմից տարեցներին նվերներ են հանձնվելու:











































