Հենց նոր ԱԺ-ում՝ փակ դռների հետևում, մեկնարկեց ՄԻՊ գրասենյակի նախաձեռնած «Բանակում մահացությունների թվի ավելացումը» թեմայով աշխատանքային քննարկումը, որին մասնակցում էին բանակում մահացած զինվորների ծնողները, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների նախագահներ Հրայր Կարապետյանը և Արամ Սաֆարյանը, ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, Մարդու իրավունքների առաջին և ներկայիս պաշտպաններ Լարիսա Ալավերդյանը և Կարեն Անդրեասյանը:
Քննարկմանը հրավիրված էին նաև լրագրողներ, սակայն նրանց ներկայության մասին տեղեկանալով՝ Սամվել Նիկոյանը պահանջեց, որպեսզի վերջիններս լքեն աշխատասենյակը: Նա նշեց, որ ինքը տեղյակ չի եղել, որ լրագրողները ևս ներկա են լինելու այս հանդիպմանը, և հավելեց, որ եթե ցանկություն կա նորմալ և արդյունավետ քննարկում կազմակերպել, ապա լրագրողների մասնակցությունը ցանկալի չէ: «Հիմա մենք եկել ենք տեսախցիկների առաջ նկարահանվելո՞ւ, թե՞ հարցեր քննարկելու»,- ասաց նա:
Մահացած զինվորների ծնողները, սակայն, նշեցին, որ իրենք դեմ չեն լրագրողների ներկայությանը, և կարծում են, որ վերջիններս որևէ կերպ չեն խանգարի քննարկմանը:
Այդուամենայնիվ, ՀՀ մարդու իրավունքների առաջին և ներկայիս պաշտպանները խնդրեցին լրագրողներին դուրս գալ աշխատասենյակից: «Մարդու իրավունքների երկու պաշտպան ձեզ խնդրում են դուրս գալ, եթե երկուսը բավարար չեն, ապա խնդրե՞նք երրորդին էլ Բիշքեկից զանգահարել»,- ասաց Կարեն Անդրեասյանը, խոստանալով քննարկման մանրամասները մեկ ժամից ներկայացնել լրագրողներին։









































