Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Իրանի «Սադերաթ» պետական բանկի տնօրեն Մուհամադ Ջահրոմին, որը բանկային համակարգում 3 միլիարդ դոլարի հասնող կոռուպցիայի բացահայտվելուց հետո ազատվել էր պաշտոնից, մի հայտարարություն է հրապարակել, որում նշել է, թե Իրանի բանկային համակարգում կոռուպցիան սկսվել էր նախքան իր պաշտոնավարումը, բայց, ըստ Ջահրոմիի, ինքը պետք է հրաժարական ներկայացներ ու ներողամտություն հայցեր ժողովրդից, ինչը, սակայն, չի կատարել:
Պաշտոնազուրկ «Սադերաթ» բանկի տնօրենը իր հայտարարության մեջ նաև տեղեկացրել է, որ «Մելլի» պետական բանկի տնօրեն Խավարին, որը նույնպես մեղադրվում է կոռուպցիայի մեջ, փախուստի է դիմել ու ապաստան գտել Կանադայում»։ Ըստ Ջահրոմիի՝ Խավարին, տեսնելով, որ իր ձերբակալվելու հավանականությունը մեծ է, Իրանի կենտրոնական բանկի որոշ գործակիցների օգնությամբ հաջողել է փախչել երկրից:








































