Մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: 2024 թվականին Իրանի նախագահի արտահերթ ընտրությունից հետո ԱԳ նախարար նշանակվելուց ի վեր սա առաջին այցն է Հայաստան: Իհարկե, Աբբաս Արաղչին Հայաստանում եղել է նաև 2020 թվականի պատերազմի օրերին, որպես Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հատուկ բանագնաց:
Նա այդ ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ էր: Հասան Ռոհանիի հատուկ բանագնացն այցելել էր Բաքու, Երևան, Մոսկվա, Անկարա, որպեսզի քննարկի պատերազմի դադարեցնելու և հակամարտությունը ռեգիոնալ երկրների ձևաչափում քննարկելու հնարավորությունը: Պատերազմը, իհարկե, դադարեց, ըստ էության, Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնությամբ կամ «բարդ օպերացիայով», ինչպես դրանից հետո բնորոշել էր ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն:
Այսօր ռեգիոնում այլ իրավիճակ է, որը, ըստ էության ձևավորվել է 2020 թվականի պատերազմի հետևանքով, բայց միևնույն ժամանակ անցնող հինգ տարիների ընթացքում այն ենթարկվել է էական փոփոխությունների: Դրանք, իհարկե, մեծապես բարձրացրել են հայ-իրանական հարաբերության կարևորությունը: Իհարկե, դրան զուգահեռ բարձրացել է այդ հարաբերության շուրջ միֆականությունը, ինչպես թերևս բնորոշ է բոլոր արտաքին քաղաքական ուղղությունների վերաբերյալ Հայաստանում ձևավորվող «դիսկուրսներին»:
Հետևաբար, Հայաստանի համար շատ կարևոր է դառնում մի կողմից հայ-իրանական հարաբերության առարկայական խորացումը՝ պայմանավորված ռեգիոնում և աշխարհում ծավալվող տրանսֆորմացիաներով, մյուս կողմից այդ հարաբերության «ապահովագրումը» տարատեսակ միֆականացված ընկալումներից, որոնք եթե համառոտագրենք, ապա կհանգի հետևյալ «մտքին»՝ Հայաստանի միակ հույսը Իրանն է: Այդօրինակ ծանրաբեռնումները ոչ միայն չեն նպաստում որևէ պետության, արտաքին ռեգիոնալ կամ արտառեգիոնալ որևէ խոշոր դերակատարի հետ հարաբերության իրական զարգացմանը, այլ նաև գործնականում վերածվում են դրա խոչընդոտի, հանգեցնում են իրականությունից կտրվելու:
Քանի որ իրադարձությունների ընթացքը բարձրացրել է, և թերևս շարունակելու է բարձրացնել հայ-իրանական հարաբերության երկկողմ կարևորությունը, այդ թվում բազմակողմն հանարովր սցենարների և դասավորությունների համատեքստում, հույժ կարևոր է դառնում նաև Հայաստան-Իրան հարաբերությունն իրապաշտության շրջանակում պահելն ու իրականությունից կտրվածության «զեղումներից» ապահովագրելը: Իսկ դրա համար շատ կարևոր է, որ երկկողմ հարաբերությունը հագեցած լինի ոչ միայն քաղաքական բերահունչ հայտարարություններով, այլ գործնական մակարդակում շատ կոնկրետ ծրագրերով և պայմանավորվածություններով:








































