Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը «ՌԻԱ Նովոստիե գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանին Ռուսաստանի C-300 հակաօդային պաշտպանության կայաններ վաճառելու հանգամանքին, հայտարարել է, որ Հայաստանն այդտեղ որևէ խնդիր չի տեսնում և դա համարում է նորմալ գործարք: Սա աննորմալ իրավիճակ է:
Աննորմալ իրավիճակ է, երբ մի երկրի ռազմավարական դաշնակից պետությունը այդ երկրի հակառակորդին զինում է ժամանակակից զենքով, իսկ դաշնակից պետությունը դա համարում է նորմալ գործարք: Բացատրությունները, թե իբր C-300-ը պաշտպանական զենք է, թե իբր Հայաստանը չունի նաև այնպիսի զինատեսակներ, որոնց դեմ կիրառվում է C-300-ը, և հետևաբար մեզ դա չի խանգարում, իրականում ընդամենը աննորմալությունը կոծկելու համար մտածված փաստարկներ են, որոնք խնդրի երկրորդական կողմն են ընդամենը: Առաջնայինը փաստն է ինքնին, որ մեր ռազմավարական դաշնակիցը ժամանակակից հակահրթիռային համակարգերով է զինում մեր թշնամուն: Այլևս կարևոր չէ, թե տեխնիկական ինչպիսի պարամետրեր են գործում այդ պայմաններում, մեզ սպառնում է այդ զենքը, թե ոչ, մենք ունենք զենք, որի կիրառմանը դա կխանգարի, թե ոչ:
Նախ` ինքնին այն, որ պաշտպանության փոխնախարարը հայտարարում է, թե մենք այնպիսի զինատեսակ չունենք և այնպիսի գործողություն չենք պլանավորում պատերազմի վերսկսման դեպքում, որի դեմ Ադրբեջանը կկիրառի այդ C-300-ը, իրականում պարզապես զավեշտալի իրավիճակ է ստեղծում: Մնում է, որ Հայաստանը Ադրբեջանին ներկայացնի հավանական ռազմական գործողությունների դեպքում իր մարտավարական սցենարական պլանն ու հայտարարի, թե ինչ կարող է անել, իսկ ինչը չի կարող, որպեսզի Ադրբեջանը իմանա և ավելորդ փողեր չծախսի Հայաստանի եղած հնարավորություններից ավելի մեծ վտանգներ կամ սպառնալիքներ կանխելու համար: Մնում է, որ հայկական կողմը Ադրբեջանին նաև դիրքային դասավորությունների սխեման փոխանցի:
Հայաստանն Ադրբեջանին շատ բան չի կարող անել, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ մասին հայտարարել, այն էլ` միայն նրա համար, որ արդարացնենք մեր ռազմավարական դաշնակցի, ըստ էության, հակառազմավարական քայլը: Մենք նույնիսկ չենք թողնում, չենք սպասում կամ չենք պահանջում, որ ռուսներն արդարանան, այլ մենք ենք նրանց փոխարեն արդարացնում նրանց` չխորշելով անգամ դրա համար թույլ տալ ստրատեգիական ակնհայտ բացթողումներ, հայտարարելով, թե մենք ինչ չենք կարող անել Ադրբեջանին: Սակայն բանը ոչ միայն այդօրինակ զավեշտալի «խոստովանություններնե են, այլ պարզապես ընդհանուր պետական քաղաքականության զավեշտալիությունը:
Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կանի Իսրայելի իշխանությունը, եթե Միացյալ Նահանգները ստրատեգիական նշանակության ժամանակակից զենք վաճառի Սիրիային կամ Լիբանանին, կամ Պաղեստինին: Հազիվ թե Իսրայելի իշխանությունը լռի, և առավել ևս հայտարարի, թե «ոչինչ, մեկ ա մենք չէինք պատրաստվում իրենց այս կամ այն բանն անելե: Թուրքիան ընդամենն ինչ-որ քայլեր էր անում Հայաստանի հետ սահմանը բացելու մասին արձանագրություն ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ, իսկ Ադրբեջանի իշխանությունն արդեն դժգոհությունը դժգոհության հետևից էր հայտնում թուրքերի այդ քաղաքականության հանդեպ` դա համարելով թիկունքից հարված Ադրբեջանին: Իսկ մենք, մեր իշխանությունը, մեր պետական քաղաքականության «մշակներըե որևէ կերպ իրենց դժգոհությունը կամ անհանգստությունը չհայտնեցին ռուս-ադրբեջանական գործարքի կապակցությամբ, որևէ կերպ չհամարձակվեցին պարտավորեցնել Ռուսաստանին պաշտոնական մակարդակով ընդունել Հայաստանի մտահոգությունն ու հրապարակավ փարատել այն:
Բանն այն է, որ դա պետական արժանապատվության, պետական սուբյեկտության խնդիր է: Դրանով է աշխարհը կարծիք կազմելու Հայաստանի քաղաքական սուբյեկտության մասին, դրանով է աշխարհը չափելու, թե ընդհանրապես ինչպես է հնարավոր Հայաստանի հետ խոսել այս կամ այն դեպքում և ինչ չափանիշներ ու չափորոշիչներ են առկա արտաքին քաղաքականության, ռազմավարական գործընկերության, ռազմավարական դաշնակցության մասին հայաստանյան պետական պատկերացումներում: Սակայն Հայաստանն այդ ամենի փոխարեն ոչ միայն լռում է, այլ սկսում է արդարացնել Ռուսաստանին: Ինչպես է վերաբերվելու աշխարհն այդպիսի պետությանը, ինչ է կարծելու այդ պետության մասին:
Հայաստանի իշխանությունը հավանաբար կարծում է, որ եթե արարողակարգային հանդիպումներում հիացմունք են հայտնում Հայաստանի ձեռքբերումների մասին և գովեստի մի քանի խոսքեր հղում նաև Հայաստանի բանակին, ուրեմն Հայաստանն ընկալում են իբրև միջազգային քաղաքականության սուբյեկտ, որի հետ կարելի է լրջորեն խոսել համաշխարհային քաղաքականության խնդիրների և զարգացման սցենարների մասին: Իրականում, սակայն, Հայաստանն իր այնպիսի պահվածքով, ինչպիսին ասենք` Ռուսաստանի հակադաշնակցային և հակահայ գործարքի արդարացումն է, չի կարող հավակնել որևէ լուրջ քաղաքական նախագծի կամ գործընթացի մեջ գործընկեր ընկալվելուն, քանի որ աշխարհում այդ ընկալումները ձևավորվում են հենց այն չափանիշների և չափորոշիչների սանդղակով, որ տվյալ պետությունն ունենում է այլ պետությունների հանդեպ` լինեն դրանք դաշնակից, գործընկեր թե պարզապես հարևան: Եթե դու չես գնահատում ինքդ քեզ, եթե դու չես արժևորում սեփական պետությանդ արժանապատվությունն ու անում ես քայլեր, որոնք ոչ թե քեզ, այլ քեզ դավաճանած դաշնակցին են պետք, դու չես կարող ընկալվել որպես լուրջ պետություն: Դու կարող ես ընկալվել որպես լուրջ, հիմնարար արժեհամակարգային խնդիրներ ունեցող միավոր, որը պետություն դառնալու ճանապարհին տանից դուրս է եկել, բայց ոչ պետություն է դարձել, ոչ էլ վերադարձել է տուն: Այդ միավորին կարող են կարեկցել, կարող են օգնել, կարող են մոլորված երեխայի նման ճանապարհ ցույց տալ, բայց եբեք չեն վերաբերվի որպես հասուն մարդու, որի հետ կարելի է լուրջ քննարկումներ ծավալել:
Մենք մեր բռունցքներն ենք ցույց տալիս մեր հակառակորդին կամ թշնամուն, սակայն վախենում ենք մեր ռազմավարական դաշնակցին մեր դժգոհությունը ցույց տալ: Դա պարադոքս է, որը չի կարող կապ ունենալ «պետությունե հասկացության հետ: Իսկ 21-րդ դարը, ի գիտություն Հայաստանի իշխող դասի, այդուհանդերձ պետությունների, ոչ թե պարադոքսների դարն է լինելու, որքան էլ որ հնչեղ անուններ ու կարգախոսներ դրվեն այդ պարադոքսների վրա: 21-րդ դարում պարադոքսներն են սպառվում, ոչ թե պետության գաղափարը:








































