Թուրքական Haber3 կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Մակեդոնիա մեկնելուց առաջ, Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նոր Սահմանդրության ընդունման խնդրին։
Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կառավարությանը հրահանգել է նոր Սահմանադրության նախագիծը մշակել 2012 թվականի առաջին կիսամյակում. «Խորհրդարանական նոր նստաշրջանի սկսվելուց հետո մենք անմիջականորեն կենտրոնանալու ենք նոր Սահմանադրության վրա։ Ես մեծ հույսեր ունեմ, որ մեզ կհաջողվի այդ գործընթացն ավարտել 2012 թվականի առաջին կեսին»։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի կեսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին արձակուրդից վերադառնալուց հետո խորհրդարանը ձեռնամուխ է լինելու նոր Սահմանադրության մշակմանը.
«Այդ նպատակով ստեղծվելու է հատուկ կայք՝ www.yenianayasa.gov.tr (նոր Սահմանադրություն) և ուսումնասիրվելու է 60 երկրների Սահմանադրություն։ Դա վերաբերում է բոլոր մայրցամաքները ներկայացնող երկրներին։ Հատուկ ստեղծված Սահմանադրական հանձնաժողովի յուրաքանչյուր մասնագետ ուսումնասիրելու է մեկ երկրի Սահմանադրություն»։
Ի դեպ, 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից հետո՝ 1981 թվականի հունիսի 29-ին, թուրքական ռազմական խունտան ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ:
Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին, որոնց իրավունքների սահմանափակման ուղղությամբ տարիներ շարունակ պայքարում է Էրդողանը, և առաջիկա նոր Սահմանադրությունը գործուն քայլ կհանդիսանա տվյալ ուղղությամբ։









































