ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆիրդուն Սինիրլիողլուն, այցելելով Մոսկվա, ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն իրապես լավ վիճակում չէ և անհրաժեշտ է կազմակերպությանը վերադարձնել երբեմնի արդիականությունը: Դա իրատեսակա՞ն է: Համենայն դեպս, ԵԱՀԿ «երբեմնի արդիականությունը» վերադարձնելը Հայաստանի համար կլինի նպաստավոր, որովհետև վերադարձնել ԵԱՀԿ արդիականությունը, նշանակում է վերադարձնել նաև այն ձևաչափերի ու մանդատների արդիականությունը, որ գործել են ԵԱՀԿ շրջանակում, որոնց վերաբերյալ որոշումներն ընդունել է ԵԱՀԿ-ն:
Իսկ դա նշանակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահության մանդատի արդիականություն: Սա, իհարկե, այսպես ասած տեսական շղթա է, որովհետև դեռ շատ մեծ հարց է, թե արդյո՞ք իսկապես հնարավոր է ԵԱՀԿ գործնական արդիականացում: Հարցն օրակարգում ամրանալու պարագայում անգամ այն ենթադրելու է, իհարկե, չափազանց բարդ գործընթաց՝ հաշվի առնելով այն խրթին հարաբերությունները, որ կան կազմակերպության առաջատար մասնակիցների միջև: Սակայն ինքնին այն, որ այդ թեման կարող է շոշափվել, ողջունելի է:
Գուցե իրատեսական չէ մտածել, որ իրավիճակը հնարավոր է շրջել ու վերադարձնել այն կետին, որտեղ այսպես ասած կանգ է առել ԵԱՀԿ «սրտի բաբախյունը» կամ «արյան շրջանառությունը», սակայն մյուս կողմից, արդիականացումը ենթադրելու է որոշակի պատճառահետևանքային ընթացք, հետևաբար ինքնին այդ օրակարգը հնարավորություն է անդրադառնալ հանգամանքների, որտեղ Հայաստանը կարող է ունենալ բավականին օգտակար խաղաքարտեր, կապված թե՛ արցախյան հարցի հետ, թե՛ նաև Հայաստանի անվտանգության հարցերի:
Նաև այդ մտավախություններն են Ադրբեջանի այն պայմանի կամ պահանջի հիմքում, որ ուղղվում է Երևանին՝ Մինսկի խմբի համանախագահության լուծարման վերաբերյալ: Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի Մոսկվայում արած հայտարարությունը իր հերթին վկայում է, որ Հայաստանի համար կարեւոր է չտրվել Ադրբեջանի այդ պահանջին և պահպանել այն հետագիծը, որ Հայաստանի համար կարող է օգտակար խաղաքարտ լինել ԵԱՀԿ ճակատագրի վերաբերյալ միջազգային քննարկումներում:





































