Հայաստանի վարչապետը մեկնել է Մյունխեն, որտեղ կմասնակցի անվտանգության ամենամյա համաժողովին: Նախորդ տարի այդ համաժողովին Փաշինյանի մասնակցությունն աչքի ընկավ Փաշինյան-Ալիև հանդիպումով, որը կայացավ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ: Այդ ձևաչափով հանդիպմանը պայմանավորվածություն եղավ նաև, որ Բեռլինում կհանդիպեն երկու երկրների արտգործնախարարները: Մարտին տեղի ունեցավ նրանց հանդիպումը Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքի ներգրավվածությամբ:
Բեռլինում Միրզոյանն ու Բայրամովը բանակցեցին երկու օր: Գերմանիայի միջնորդությամբ գործընթացը, սակայն, այլևս չունեցավ շարունակություն: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ արդեն Աստանայում՝ Ղազախստանի նախաձեռնությամբ, իսկ մինչ այդ հանդիպումը, տեղի ունեցավ հայտնի համաձայնությունը Կիրանցի հարցում՝ ապրիլի 19-ին:
Բարդ է ասել՝ դա ավելի շուտ Գերմանիայի միջնորդությամբ, այսպես ասած մյունխենյան գործընթացի՞ արդյունք էր, թե՞ Ղազախստանի նախաձեռնությամբ ծավալված համաձայնություն, որովհետև Ղազախստանի նախագահը դրանից մի քանի օր առաջ Հայաստանում էր, իսկ Հայաստան ժամանելուց առաջ էլ եղել էր Բաքվում: Կառավարությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: Կլինի՞ այնտեղ Ադրբեջանի նախագահը, և հնարավո՞ր է հանդիպում, թե ոչ:
Հայտնի չէ, թե արդյո՞ք Ալիևը պատրաստվում է մեկնել Մյունխեն: Մյուս կողմից, ներկայումս, կարծես թե, չկա հայ-ադրբեջանական պրոցեսի վերաբերյալ բարձր մակարդակի որեւէ հետաքրքրություն: Գործնականում հետաքրքրության բացակայությամբ անցավ Դավոսի համաժողովը: Փաշինյանն ու Ալիևը այնտեղ էին, սակայն խոսք անգամ չեղավ հանդիպման հնարավորության մասին: Նրանց վերջին հանդիպումը եղել է Կազանում՝ 2024 թվականի հոկտեմբերին, որից մի քանի օր առաջ նրանք ստացել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակները:
Սակայն դրանից մի քանի օր անց էլ պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահը լինելու է Դոնալդ Թրամփը, որն ունի միջազգային հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ հիմնովին տարբեր պատկերացումներ: Այդ ֆոնին, Մյունխենի անվտանգության համաժողովին Փաշինյանի մասնակցությունը ստանում է որոշակի այլ երանգ-ինտրիգ: Մի քանի օր առաջ նա Միացյալ Նահանգներում էր, որտեղ մասնակցում էր Կրոնական ազատությունների ալյանսի գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին:
Հատկապես վերջինը, ըստ էության բավականին ներկայացուցչական միջազգային հավաք է, որը, իհարկե, համեմատության մեջ չէ Մյունխենի անվտանգության համաժողովի հետ, սակայն, ըստ էության, միջազգային օրակարգ շոշափող նախաձեռնություն է: Անկասկած է, որ այդ նախաձեռնությունը «կրում» է այն պատկերացումը, որն ունի Թրամփն ու նրա թիմը: Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի շուտ արտահայտելու է Թրամփի ու նրա քաղաքականության առնչությամբ մտահոգություններ ունեցող եվրոպական տրամադրությունները: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Թրամփի մոտեցումները թողնում են «էլեկտրաշոկի» էֆեկտ: Ի՞նչ էֆեկտ է ակնկալում Նիկոլ Փաշինյանը՝ Վաշինգտոնից Մյունխեն «անցումով», որովհետև, ըստ էության, դրանք հավասարազոր են դառնում գրեթե տարբեր բևեռների:









































