Շվեյցարիայի խորհրդարանում ձայների մեծամասնությամբ սեպտեմբերի 28-ին ընդունվել է մի օրինագիծ, որի համաձայն արգելվում է փողոցում և հասարակական վայրերում դեմքը ծածկել նիկաբով կամ հագուստի այլ տարրերով:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, համապատասխան փաստաթղթի օգտին է քվեարկել Ստորին պալատի 101, դեմ` 77 պատգամավոր: Օրենքն ուժի մեջ կմտնի Վերին պալատի կողմից հավանություն ստանալուց հետո:
Փաստաթուղթը մշակվել և քննարկման է ներկայացվել Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների կողմից, որոնք հանդես են գալիս ներգաղթի չափերը կրճատելու և արդեն ներգաղթած օտարերկրացիների` իրենց հասարակության մեջ արագ ինտեգրման օգտին:
Օրինագիծը նաև բոլորին պարտադրում է դեմքը բացել հասարակական տրանսպորտում և իշխանության մարմիններին դիմելիս: Փաստաթղթի հեղինակները պնդում են, որ դրա ընդունումը հնարավորություն կտա բարձրացնել փողոցներում անվտանգության մակարդակը, քանի որ հանցագործներն այլևս հնարավորություն չեն ունենա փակել դեմքը:
Սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ պատիժ է սահմանվում օրինախախտների համար:
Հիշեցնենք, ավելի վաղ նմանատիպ օրենքներ էին ընդունել Ֆրանսիան, Բելգիան և Նիդեռլանդները:









































