Եվրամիությունն ապրում է վերջին 10 տարիների ընթացքում ամենամեծ վստահության ճգնաժամը, որը սպառնալիքի տակ է դնում Հին աշխարհի տնտեսական և սոցիալական բարօրությունը: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես է եկել Եվրահանձնաժողովի (Եվրամիության գործադիր մարմնի) նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Եվրախորհրդարանի ուղղված ամենամյա ուղերձում: «Սա վստահության ճգնաժամ է, որի հետ մենք չենք բախվել մեկ տասնամյակի ընթացքում»,- մեջբերում է Reuters-ը Բառոզուի խոսքերը:
Եվրահանձնաժողվի նախագահն ընդգծել է, որ եվրազոնայի հնարավոր անկման շուրջ գնալով ուժգնացող սպեկուլյացիայի ֆոնին անդամ-երկրները, ինչպես երբեք, ձգտում են ավելի խոր տնտեսական ինտեգրացիայի և փորձում անցնել արժութային միությունը սասանող բոլոր փորձությունները։ Բառոզուն համոզմունք է հայտնել, որ Հունաստանը, որն այժմ բլոկի ամենաթույլ օղակն է, չի լքի եվրոգոտին և կիրականացնի իր բոլոր պարտականությունները պետական ֆինանսների կայունացման ուղղությամբ:
Եվրահանձնաժողովի նախագահն ավելացրել է, որ հենց որ եվրոգոտում վերականգնվի միասնականությունը և բյուջետային կարգուկանոնը, արժութային միությունը կարող է անցնել ինտեգրացիայի հաջորդ փուլ, այն է՝ միասնական «եվրոբոնդերի» թողարկում:









































