Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագրի վերաբերյալ հարցին՝ հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանել է, որ ստորագրված փաստաթուղթը դեմ չէ Հայաստան-Իրան հարաբերությանը: Դեսպանը ասել է, որ Երևանը հավաստիացրել է այդ հարցում Իրանի շահի դեմ և հայ-իրանական հարաբերության դեմ որևէ քայլի բացակայությունը:
Կարևոր է, անշուշտ, որ Իրանը ստորագրված փաստաթուղթը չի ընկալում որպես Իրանի դեմ, կամ հայ-իրանական հարաբերությանը վնասող գործողություն: Ըստ էության՝ եթե Հայաստանի ու ԱՄՆ հարաբերության ռազմավարական գործընկերության հանձնաժողովների աշխատանքը առաջ շարժվի նախանշված արդյունավետությամբ, ապա դա կարող է ծառայել Հայաստանի ուժեղացմանը, դիմադրունակության, կենսունակության բարձրացմանը:
Իսկ նույն Իրանի դեսպան Սոբհանին ամիսներ առաջ դարձյալ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ուժեղացնող ցանկացած գործոն իրենք աջակցում են, քանի որ ուժեղ Հայաստանը բխում է նաև Իրանի շահից: Եթե, իհարկե, այդ հայտարարություններից զտենք դիվանագիտական պատշաճությունը, ապա, ըստ էության, կարող ենք ասել, որ սեփական կարիքները հոգալու ունակ Հայաստանը Իրանի համար շահեկան է, քանի որ հնարավորինս կնվազեցնի այն ռիսկերը, որ Իրանը տեսնում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հավակնությունների դրսևորման համատեքստում: Միևնույն ժամանակ այստեղ, իհարկե, կա երկու հարց:
Նախ, որքանով է Երևանը ունակ լինելու հայ-ամերիկյան փաստաթուղթը հագեցնել իսկապես փոխշահավետ և առարկայական օրակարգով, որը գետնի վրա կավելացնի Հայաստանի հնարավորությունները, և որքանով է դրան ընդառաջ գալու կամ առնվազն դրա ուշադիր ունկնդիր լինելու պատրաստակամություն ցուցաբերելու ԱՄՆ նոր վարչակազմը: Դրական է այն, որ նախագահ Թրամփը օրերս հայտարարել էր, որ Իրանը «փոշու» վերածելու մասին խոսակցությունները իրական չեն և ԱՄՆ չունի Իրանի հանդեպ որևէ այդպիսի մտադրություն, այլ տրամադրված է պայմանավորվելու:
Իհարկե, առանձին հարց է, թե ընդհանրապես ինչից է բխել Հայաստանում տարիներ շարունակ ձևավորված կարծիքը, որ Թրամփը պատերազմ կսկսի Իրանի դեմ: Եթե Թրամփը խելագար է, ապա՝ այո, բայց խելագարները հազիվ թե հայտնվեն ԱՄՆ նախագահի պաշտոնին: Ավելին, Իրանը, որպես կենսունակ խաղացող, ԱՄՆ համար Մերձավոր Արևելքում թերևս էքզիստենցիալ անհրաժեշտություն է, որպես Իսրայելի հակակշիռ, այլապես ԱՄՆ-ին հարկ կլինի ստեղծել նորը՝ իսրայելական «դուդուկի տակ» անվերջ պար չգալու համար:










































