Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ մինչև 2012 թվականը ԵՄ-ն Ադրբեջանում ներդնելու է 100 միլիոն եվրո։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության քաղաքական հարցերով բաժնի պետ Ջերոմ Պոնսը։
Վերջինս նշել է. «ԵՄ-ը մշտապես պատրաստ է Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում աջակցել Ադրբեջանին։ Ադրբեջանում իրականացվել են մի շարք թվինինգ նախագծեր։
2006 թվականից սկսած՝ ԵՄ-ը Ադրբեջանի այդ ոլորտում ներդրել է 7 միլիոն եվրո։ ԵՄ-ն Ադրբեջանում իրականացնում է 10 թվինինգ նախագծեր, որոնցից 6-ը անցում են կատարել նոր փուլի։ Նախագծերը հիմնականում իրականացվում են հարկերի, գյուղատնտեսության, կրթության ու ֆինանսների նախարարություններում և ընտանեկան, կանանց ու երեխաների հարցերով պետական կոմիտեում»։
Հիշեցնենք, որ թվինինգը շահառու երկրի պետական կառավարման մարմնի և ԵՄ անդամ պետության համապատասխան մարմնի միջև համագործակցության գործիք է, որի նպատակը շահառու երկրի կառույցների վերափոխում/արդիականացումն է` վերապատրաստումների, վերակազմավորման, ինչպես նաև ԵՄ ընդհանուր օրենսդրության համապատասխան օրենքների և կանոնակարգերի մշակման միջոցով։







































