Էստոնիայի նախագահ Թոոմաս Իլվեսը հայտարարել է, որ ինքը դեմ է, որպեսզի իր աշխատավարձը բարձրացվի: Այս մասին գրում են էստոնական լրատվամիջոցները: Երկրի նախագահի դիրքորոշման մասին հայտնել է նրա խոսնակ Թոոմաս Սիլդամը:
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրենքն ընդունվել է դեռ 2009 թ., սակայն պատգամավորները որոշել են հետաձգել դրա կատարումը մինչև 2012 թ.: Դա առաջարկել է նաև ֆինանսների նախարարը` նշելով, որ էստոնական կառավարությունը չի կարող նման քայլի գնալ այն դեպքում, երբ երկրի բյուջեն դեֆիցիտով է կազմված:
Սակայն ըստ էստոնական օրենքների` պատգամավորները չեն կարող կանխել աշխատավարձերի բարձրացումը, քանի որ էստոնական օրենսդրությունը թույլ է տալիս քննարկել և փոխել աշխատավարձերի մասին օրենքը՝ միայն եթե դա վերաբերում է հաջորդ գումարման խորհրդարանին: Նույնը վերաբերում է նաև նախագահին, որը ստիպված է լինելու ստանալ իր բարձր աշխատավարձը: Ըստ այդ օրենքի՝ աշխատավարձը բարձրանում է այն պատճառով, որովհետև երկրի առաջին դեմքը` նախագահը, չի կարող ստանալ ավելի քիչ աշխատավարձ, քան երկրորդ դեմքը` խորհրդարանի նախագահը (վերջինս ստանում է 5050 եվրո, իսկ նախագահը` 4700: Նոր օրենքով նախագահը կստանա 5200 եվրո):
Հիմա թե՛ օրենսդիր մարմինը և թե՛ գործադիր մարմինը փորձում են ելք գտնել` իրավական այս խոչընդոտները վերացնելու համար:









































