Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդական միակ լեգալ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը երեկ տեղի ունեցած ժողովում որոշել է վերջ դնել խորհրդարանական բոյկոտին։ Այս մասին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Մերալ Դանըշ Բեշթաշը։
Վերջինս նշել է, որ այսօր Դիարբեքիրում կայանալու է կուսակցության հերթական ժողովը, որում կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշն ազդարարելու է խորհրդարանական բոյկոտին վերջ դնելու և խորհրդարանում երդում տալու պատրաստակամության մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ԽԺԿ-ն բոյկոտեց թուրքական խորհրդարանի աշխատանքները և երդում չտվեց, քանի որ նրա նորընտիր ներկայացուցիչներից Հաթիփ Դիջլեի պատգամավորության վրա վետո դրվեց, իսկ կուսակցության մի շարք նորընտիր պատգամավորներ բանտից ազատ չարձակվեցին։
Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանն արձակուրդից վերադառնում է հոկտեմբերի 1-ին։








































