«Ես ափսոսում եմ, որ անկախ պետականության 20-ամյակը նշող պետությունը սկսել է նշանակություն տալ դրսում կատարվող երևույթներին: Մեծ տարբերություն չեմ տեսնում Պուտինի և Մեդվեդևի միջև, թե տնտեսական, թե արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ չեմ տեսնում, նրանք երկուսն էլ նույն գաղափարի կողմնակիցն են» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Պուտին-Մեդվեդև վերադասավորմանը, կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Մինասյանը նկատեց, որ հնարավոր չէ, որ մեծ տերություններում կատարվող փոփոխությունները չազդեն փոքր երկրների վրա, բայց Ռուսաստանում կատարված վերադասավորումն արմատական ազդեցություն չի կարող ունենալ հայաստանյան ներքաղաքական կյանքի վրա:
« Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցութան նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն էլ նկատեց, որ վերջին մի քանի տարիներին այդ անկախությունը կորսվում է և մաշվում: Մակեյանի խոսքերով՝ Ռուսաստանում կատարված վերադասավորումներն անսպասելի չէին, քանզի պուտինյան ժամանակաշրջանը Մեդվեդևի օրոք էլ էր շարունակվում: Ինչ վերաբերում է ռուսաստանյան վերադասավորման՝ Հայաստանի ներքաղաքական դաշտի վրա հնարավոր ազդեցությանը, Մակեյանը նկատեց, որ դրանից մեծ հաշվով շատ բան չի փոխվելու. «Չի կարող Ռուսաստանի ղեկավարությունը հաշվի չառնել Հայաստանի ժողովրդի կարծիքը: Պուտինը շատ լավ գիտի, որ հայ ժողովուրդը չի ցանկանում տեսնել Ռոբերտ Քոչարյանին»:
Մակեյանը նշեց, որ հենց ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը կանխեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքական դաշտ, և այժմ էլ Քոչարյանը վերադարձի հնարավորություն չունի, թեև որոշակի փորձեր իրականացնելու է: Նա նկատեց, որ այս հարցում Տեր-Պետրոսյանի գործունեությունն օգտակար էր նաև ներկայիս ռեժիմինին, քանզի Սերժ Սարգսյանին և իշխող բուրգին ձեռնտու չէ Քոչարյանի վերադարձը. «Այդ բուրգի համար էլ է դժվար երկու տիրոջ ծառա լինելը»։