Հունվարի 29-ին Թուրքիայի նախագահ Փեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայի իր նստավայրում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական առաջնորդներին: Այդ առթիվ նրա գրասենյակի տարածած հաղորդագրությունը սուղ է․ նախագահ Թայիփ Էրդողանն ընդունել է ՀԱՄԱՍ-ի Խորհրդի նախագահ Մուհամեդ Դերվիշին և պատվիրակության անդամներին: Տարածած լուսանկարներից պարզ է դառնում, որ բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և MIT-ի տնօրեն Իբրահիմ Քալընը:
Թուրքական մամուլը փոխանցել է հանդիպման մասին ՀԱՄԱՍ-ի թելեգրամյան հաղորդագրությունը, ըստ որի՝ կողմերը քննարկել են Գազայում կրակի դադարեցման և պատանդներին պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակման համաձայնագրի կատարումը: ՀԱՄԱՍ-ը հատուկ շեշտել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ: Աչքի է զարնում նաև, որ ոչ Թուրքիայի, ոչ ՀԱՄԱՍ-ի կողմից պայմանավորվածության մյուս կողմը՝ Իսրայելը, չի հիշատակվում:
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում լրագրողների հետ վերջին հանդիպմանն Էնթոնի Բլինքենը բացահայտել է, որ իսրայելա-պաղեստինյան գործարքի կայացմանը ներդրում է ունեցել Թուրքիան՝ ՀԱՄԱՍ-ին համոզելով, որ ընդունի առաջարկվող պայմանները:
Իսրայելա-պաղեստինյան գործարքը չափազանց փխրուն է, ցանկացած պահի կարող է փլուզվել: Այս առումով խիստ արտառոց հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա առաջարկել է Գազայի բնակիչներին վերաբնակեցնել հարևան արաբական երկրներում: Թրամփը համարում է, որ դա «դժոխքից ազատվելու» հնարավորություն է: Տասնյակ հազարավոր պաղեստինցիներ, սակայն, արդեն իսկ վերադարձել են Գազայի հյուսիսային հատված, և հոսքը շարունակվում է:
Միջազգային մամուլում տեղեկություն է տարածվել, որ քննարկվում է Գազայի հատվածի կառավարումն Արաբական միացյալ էմիրություններին վերապահելու հնարավորությունը: Ըստ այդմ, Իսրայելը կտրուկ դեմ է, որ Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարումը վերականգնվի: Ի՞նչ մոտեցում ունի այդ հարցի վերաբերյալ Աբու Դաբին, վերջնականապես պարզ չէ:
Թուրքիայի նախագահի հետ բանակցությունների մասին ՀԱՄԱՍ-ի թելեգրամյան հաղորդագրությամբ ասված է, որ Էրդողանը խոստացել է «բոլոր մակարդակներում աջակցել» պաղեստինյան խմբավորմանը: Գազայում պատերազմի սկզբից ի վեր Թուրքիայի նախագահը մշտապես հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կուսակցություն է և Պաղեստինի անկախ պետության քաղաքական համակարգում արժանի տեղ պիտի ունենա:
Ըստ երևույթին՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդ Մուհամեդ Դերվիշը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է հետկոնֆլիկտային Գազայի կառավարման հետ կապված հարցեր: Հավանական է թվում, որ Թուրքիան խնդիրը դիտարկում է Պաղեստինի անկախ պետության հռչակման քաղաքական ծրագրի համատեքստում: Մինչդեռ, որքանով հասկացվում է Գազայի բնակչությանը բռնատեղահանելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունից, Վաշինգտոնի նոր վարչակազմն Իսրայելի վարչապետ Նաթանյահուին խոստացել է փակել 1967թվականի սահմաններով անկախ Պաղեստինի թեման:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ հանդիպման նախօրեին գտնվել է Սաուդյան Արաբիայում: Սաուդցիները Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում ներկայացված «Աբրահամի ուխտի» առաջարկությամբ որոշակիորեն կարգավորել էին Իսրայելի հետ հարաբերությունները, բայց Գազայում պատերազմը կողմերին շատ զգալիորեն հեռացրել է: Թուրքիան, երևում է, Պաղեստինի հարցում ձգտում է հասնել արաբական երկրների հետ միասնական դիրքորոշման, բայց, որքանով հասկացվում է, Պարսից ծոցի միապետությունները խոր կասկածներ ունեն, որ Անկարայի իրական նպատակը ոչ թե Պաղեստինի պետության հռչակումը, այլ ՄԱԿ-ի կողմից պաղեստինյան ճանաչված տարածքներում «արտաքին կառավարում» սահմանելն է:
Բարդ է ասել, թե Արաբական լիգայի բոլոր երկրնե՞րն են Պաղեստինի անկախության ձգտում, թե իրենց հերթին ունեն Գազայում և Հորդանանի արեւմտյան ափին «պրոտեկտորատ» ունենալու ծրագրեր: Պարզ է միայն, որ Իսրայելի վարչապետն իր նպատակին չի հասել, ՀԱՄԱՍ-ը մնում է Գազան ներկայացնող միակ ուժը: Ամենայն հավանականությամբ, Անկարայում քննարկվել է տարբերակ, որ եթե հետկոնֆլիկտային Գազայում «արտաքին կառավարում մտցնելու» տարբերակ առաջարկվի, ապա ՀԱՄԱՍ-ը կպնդի, որ «ընդունում է միայն թուրքական պրոտեկտորատը»: Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ են, Գազան թուրքական վերահսկողության հանձնելու ծրագիրը կարող է հանգեցնել թուրք-իսրայելական ռազմական բախման:









































