Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական հարցերով կոմիտեի նախագահ Զահիդ Օրուջը հավանական է համարում այս տարի սահմանադրական հանրաքվեի անցկացումը: Այս առումով նրա դիտարկումները հիմնականում ծանրանում են երկու սկզբունքային խնդրի վրա:
Օրուջը համարում է, որ սահմանադրությունը չպետք է կանոնակարգի նախագահի և Միլի մեջլիսի ընտրությունները, այդ հարցերը պետք է կարգավորվեն «Ընտրական օրենսգրքով»: Ադրբեջանում սահմանադրական միապետություն հռչակելու նախագծի գոյության մասին փորձագետները վաղուց են խոսում:
Այդ դիսկուրսն ավելի աշխուժացավ, երբ անցյալ տարեսկզբին Բաքու այցելեց Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Նահաիանը: Ընդ որում՝ փորձագետների ուշադրությունը գրավել էր այն, որ Իլհամ Ալիևն արաբական միապետի պատվին ընդունելությանը ներկայացրել էր որդուն: Մամուլում կարծիքներ հնչեցին, որ Իլհամ Ալիևը, կրկօրինակելով իր հոր փորձը՝ որդուն կնշանակի որևէ պաշտոնի:
Նման հրապարակային-ֆորմալ որոշում առայժմ հայտնի չէ, բայց Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության շրջանակներին հաջողվել է Իլհամ Ալիևի պաշտոնական կայքի տարածած մի քանի լուսանկարներում ֆիքսել նրա որդու ներկայությունը, ինչից հասկացվում է, որ կրտսեր Հեյդար Ալիևը պետական նշանակության հարցերի քննարմանը մասնակցում է: Թե ի՞նչ կարգավիճակում՝ մնում է ենթադրությունների տիրույթում:
Զահիդ Օրուջի երկրորդ դիտարկումը վերաբերում է Ադրբեջանում սահմանադրական կարգի հակասությանը: Նա վկայակոչում է այսպես կոչված «ազատագրված տարածքներում» և Նախիջևանում Իլհամ Ալիևի կողմից իր լիազոր ներկայացուցիչների նշանակման իրողությունը: Գործող սահմանադրությունը պետական կառավարման նման ինստիտուտ չի ճանաչում: Փաստացի այդ մարդիկ գործադիր իշխանության ներկայացուցչի գործառույթներ են իրականացնում՝ չունենալով ոչ սահմանադրությամբ, ոչ օրենքով որոշված կարգավիճակ:
Օրուջը համարում է, որ այդ հակասությունը պետք է կարգավորվի գործադիր իշխանության կառուցվածքի համապատասխան փոփոխություններով: Ենթադրվում է, որ քննարկվում է նաև վարչա-տարածքային նոր բաժանման հարցը: Բայց ամենախորքային դիտարկումը վերաբերում է Նախիջևանին, որտեղ, ինչպես ադրբեջանցի խորհրդարանականն է ասում, ի տարբերություն մնացյալ Ադրբեջանի «գործում է խորհրդարանական կառավարման համակարգը»:
Ըստ էության՝ նա ակնարկում է Նախիջևանի ինքնավար կարգավիճակը լուծարելու կամ ինքնավարության լիազորություններն էլ ավելի սահմանափակելու անհրաժեշտության մասին: Սա արդեն լրջագույն հարց է: Նախիջևանի կարգավիճակը սահմանված է Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրով, որ Անդրկովկասի երեք հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը Թուրքիայի հետ վերահաստատել են Կարսի պայմանագրով:
Ադրբեջանի գործող սահմանադրությամբ այն ունիտար պետություն է, որ իր կազմում ունի Նախիջևանի ինքնավար հանրապետություն: Եթե քննարկվում է ամբողջ Ադրբեջանում կառավարման համակարգը նույնականացնելու խնդիր, ապա կամ Նախիջևանի ինքնավարությունը պետք է լուծարվի, կամ նոր սահմանադրությամբ այդ տարածքում իշխանության բարձրագույն մարմին կճանաչվի Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը:
Ադրբեջանի գործող սահմանադրությամբ այն ունիտար պետություն է, որ իր կազմում ունի Նախիջևանի ինքնավար հանրապետություն: Եթե քննարկվում է ամբողջ Ադրբեջանում կառավարման համակարգը նույնականացնելու խնդիր, ապա կամ Նախիջևանի ինքնավարությունը պետք է լուծարվի, կամ նոր սահմանադրությամբ այդ տարածքում իշխանության բարձրագույն մարմին կճանաչվի Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը:
Այս խնդիրը Նախիջևանի կարգավիճակի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ քննարկվե՞լ է կամ քննարկվու՞մ է: Նախիջևանի խնդիրը վերաբերում է նաեւ Իրանին ու Հայաստանին, որովհետև այն «լուծվել է» նաև Խորհրդային Հայաստանի կառավարության «համաձայնությամբ»: Սահմանադրական փոփոխությունների թեմայի ակտուալացմամբ Ալիևը փակո՞ւմ է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները հարցը, թե՞ ավելի սրում: Իրանի, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի հետ կապված ի՞նչ զարգացումների կանխատեսման հիմքով է Ալիևը գնում Ադրբեջանում սահմանադրական միապետության կամ առնվազն դինաստիական իշխանության ֆորմալացման:









































