Սեպտեմբերի 24-ին, ժամը 23:00-ի սահմաններում, «շտապօգնության» կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բնակչուհի, 49-ամյա Գայանե Մնացականյանը տան առաջին հարկի միջանցքում, պարանով կախվելու միջոցով, ինքնասպան Է եղել, իսկ նրա որդին՝ 25-ամյա էրիկ Մարտիրոսյանը և դուստրը՝ 23-ամյա Մարինե Մարտիրոսյանը, ածելիով վնասել են իրենց ձեռքերի նախաբազուկներն ու փորձել ինքնասպան լինել։
Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են էրիկ և Մարինե Մարտիրոսյանների, հանգուցյալ Գայանե Մնացականյանի հագուստները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ դատաթունաբանական փորձաքննություն նշանակելու համար արյան նմուշներ են վերցվել էրիկ և Մարինե Մարտիրոսյաններից: Մարինե Մարտիրոսյանի ննջասենյակից, լոգարանից հայտնաբերված ածելիները, մեկ ներարկիչը, ինչպես և պարանը, որով Գայանե Մնացականյանն ինքնասպան է եղել, ճանաչվել են իրեղեն ապացույցներ և զննվել։
Դեպքի վայրի զննության ժամանակ Էրիկ Մարտիրոսյանի ննջասենյակից հայտնաբերվել են նրա և Գայանե Մնացականյանի կողմից թողնված երկտողեր:
Սեպտեմբերի 25- ին ՀՀ քր. օր.-ի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին հաղորդում ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
«Հիմա ես գիտեմ, որ մարդիկ ինչ ասես մտածում են. մտածում են էն, ինչը իրանք են ուզում մտածեն։ Ոչ ոքի հաստատ մեր ցավը չի նեղացնում, չի անհանգստանում, ուղղակի մտածում են, որ մաման ա մեղավոր, բայց իրականում տենց չի, մաման փորձել ա մեզ էս ամենից հետ պահել շատ երկար, բայց հետո, որ տեսավ, որ հնարավոր չի էդ ամեն ինչը կանխել, որ անխուսափելի ա, որ ինքը պետք է տենա էդ ամեն ինչը, ինքը չդիմացավ դրան, ուղղակի ցավալին էն ա, որ էս ամեն ինչից հետո ես կենդանի եմ մնացել, ու տեսնում եմ, որ էլ մաման չկա իմ հետ»,- ինքնասպանության փորձ արած տղայի խոսքերն է մեջբերում Հանրային հեռուստաընկերությունը, որի լրագրողները Էրիկի հետ զրուցել են հիվանդանոցում:
Հետագայում տղան սթափվել է և ինչպես հոգեբույժն է նշում ո՛չ նրա, ո՛չ քրոջ` Լուսինեի մոտ հոգեկան խանգարումներ չեն նկատվում: Ավելին` հոգեբույժ Ալբինա Սերոբյանի խոսքերով` տղան զղջացել է իր արարքի համար և խնդրել է, որ իրեն դուրս գրեն հիվանդանոցից:
Դեպքից հետո շատ էին քննարկվում ինքնասպանության դրդապատճառները, որոնց թվում նշվում էր նաև կրոնական շարժառիթները. ոստիկանները զննության ժամանակ տնից հայտնաբերել էին հատակին ընկած պատռված սրբապատկեր, սակայն Էրիկը բացառել է այդ վարկածը, նշելով, որ իրենք քրիստոնյա են և հավատում են Աստծուն: Թե՛ Էրիկը, թե՛ Մարինեն Դիլիջանի հոգևոր հովիվի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել, վերջինս արդեն մի քանի անգամ այցելել է Մարտիրոսյաններին:








































