Մինչև 2012 թ. կավարտվի Հայաստանում նավթի և գազի հետախուզական աշխատանքներ իրականացնող «Բլեքստերզ էներջի Արմենիա» ընկերության լիցենզիան: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից «Առաջին լրատվական»ին հայտնեցին, որ ներկայումս ընկերությունն աշխատանքներ է իրականացնում Եղեգնաձորում 4, 5 և 6 պայմանական բլոկներում:
Իռլանդական այս ընկերությանը թիվ 53 ուսումնասիրության հատուկ լիցենզիան տրամադրվել է 2007 թ. սեպտեմբերի 30-ին: Այս ժամանակահատվածում ուսումնասիրություններ կատարելու համար ընկերության կողմից պետք է ծախսվի 2.4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Մինչ այս Հայաստանում նավթի և գազի հետախուզական աշխատանքներն, ըստ էության, անարդյունք են եղել: 1990-2007 թվականների ընթացքում պայմանական 2-րդ բլոկում նավթի և գազի հետախուզական աշխատանքներ է իրականացրել hայ-ամերիկյան հետախուզական ընկերությունը, որը իր իրավունքը փոխանցել էր «Տրանսեվրո էներջի» ՍՊԸ-ին, որն էլ իր հերթին անվանափոխվել է «Թիմ էներջի» ՍՊԸ:
Ուսումնասիրությունների, գոյություն ունեցող տվյալների մշակման և լրացուցիչ սեյսմահետախուզական աշխատանքների արդյունքում հայ-ամերիկյան ընկերության միջոցներով Գառնիի ելուստում փորվել է «Ազատ-1» հորատանցքը, իսկ «Թիմ էներջի» ընկերության միջոցներով` Հոկտեմբերյանի ճկվածքում՝ «Կարմիր-1» հորատանցքը: «Ազատ-1» հորատանցքը փորվել է մինչև 3,500 մ, իսկ «Կարմիր-1»-ը` մինչև 2,300 մ խորությամբ: Այս երկու հորատանցքերի փորման արդյունքում հուսալի տվյալներ չեն ստացվել:









































