Աշխատանքի միջազգային կազմակերպությունը և տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը պատրաստել են զեկույց, որի համաձայն՝ եթե զարգացած և զարգացող երկրները արագ և ռադիկալ մնիջոցներ չձեռնարկեն գործազրկության մակարդակի կրճատման ուղղությամբ, ապա արդեն հաջորդ տարվա վերջին այդ պետությունները կարող են բախվել աշխատատեղերի «աղետալի դեֆիցիտի հետ»:
Ինչպես հաղորդում է NEWSru.coм-ը՝ այսօրվա դրությամբ որոշ տվյալներով գործազուրկների թիվն աշխարհում հասել է 200 մլն-ի: Այս թվերի մասշտաբը կարող է համեմատվել Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանի հետ: Զեկույցի հեղինակները նշում են, որ 2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից սկսած՝ զարգացած և զարգացող երկրները կորցրել են 20 մլն աշխատատեղ: Եվ դա, հնարավոր է, դեռ ամենը չէ. 2012թ. վերջին նրանք կարող են կորցնել ևս 20 մլն աշխատատեղ:
Զեկույցի հեղինակները կոչ են անում գործել արագ և խթանել աշխատատեղերի բացման գործընթացը: Նրանք բավարար չեն համարում զբաղվածության բարձրացման ներկա տեմպերը Մեծ քսանյակի երկրներում: Նրանց կարծիքով՝ նախաճգնաժամային ցուցանիշներին վերադառնալու համար անհրաժեշտ է առաջիկա 4 տարիների ընթացքում ապահովել նվազագույնը 1.3% աճ: Զեկույցի հեղինակները, սակայն, կասկածում են, որ նման աճ կարող է գրանցվել:
Հեղինակները նաև կոչ են անում Մեծ քսանյակի պետություններին բարձրացնել իրենց բնակչության սոցիալական պաշտպանվածության մակարդակը:
Հատկապես մեծ անհանգստություն է առաջացնում Եվրոպայում տիրող իրավիճակը: Չնայած առայժմ Եվրոպայի մի քանի երկրներ հաջողությամբ պայքարում են գործազրկության դեմ, սակայն այլ բնագավառներում իրավիճակը ավելի վատ է: Մասնավորապես Ֆրանսիայում ոչ կայուն սոցիալ-տնտեսական դրությունը հանգեցրել է երկրի քաղաքական դաշտում լուրջ փոփոխությունների:
«Զբաղվածության ճգնաժամը» խորանում է մի շարք կառուցվածքային խնդրիների հետ կապված, այն է՝ երիտասարդության զանգվածային գործազրկությունը և բարձր խրոնիկ գործազրկությունը (երբ կորցնելով աշխատանքը`անձը այլևս երկար ժամանակ չի կարողանում աշխատանքի տեղավորվել):








































