Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության ծառայության 9 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում Թուրքիայի վարչապետ Էրդողանի թիկնապահների հետ ունեցած միջադեպի համար։
Նշվում է, որ երբ Էրդողանը փորձել է վերադառնալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճ՝ պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասի ելույթին ներկա գտնվելու համար, ծեծկռտուք է բռնկվել Էրդողանի թիկնապահների և ՄԱԿ-ի անվտանգության ծառայության աշխատակիցների միջև։
Դրա արդյունքում Էրդողանը ստիպված է եղել դահլիճ մտնել այլ մուտքով։ Ապա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը տեղի ունեցածի համար Նյու Յորքում գտնվող «Թյուրքական տանը» անձամբ ներողություն էր խնդրել Էրդողանից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական Salam News գործակալությունը հայտնել էր, թե Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը լքել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից առաջ՝ չցանկանալով լսել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա խոսքերը։









































