Սեպտեմբերի 23-ին Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակն իր համակիրների հետ միասին Գլենդելի հանրային գրադարանում նշեց Հայաստանի Հանրապետության Անկախության 20 ամյակը:
Տոնակատարությանը նվիրված միջոցառումը վարում էր Նունե Ավետիսյանը, որը ներկայացնելով Հայաստան կատարած իր վերջին այցելության տպավորությունները, կոչեց հայկական սփյուռքի ներկայացուցիչներին շարունակել իրենց ներդրումը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներին, որպես Հայաստանի առաջընթացին նպաստող կարևորագույն գործոն:
1991 թ. անկախության հանրաքվեի և Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից Հայաստանը անկախ հանրապետություն հռչակելու պատմական օրերի մասին հիշեցնող տեսաժապավենի շնորհիվ ներկաները մեկ անգամ ևս վերապրեցին այդ օրերին Հայաստանը համակած ոգեշնչվածությունն ու անկախ պետականության կերտման ականատեսն ու մասնակիցը լինելու հպարտությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԿ ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ Կարինե Աֆրիկյանը: Սքայփի միջոցով միջոցառման մասնակիցներին իրենց շնորհավորանքները հղեցին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամներ Արման Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը:
Տոնակատարության ժամանակ համերգով հանդես եկան հայ համայնքի անվանի մի շարք արվեստագետներ` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի պետական թատրոնի մեներգիչ Ռուբեն Թելունցը, Հայաստանի վաստակավոր արտիստ, Օպերայի պետական թատրոնի մեներգիչ Պողոս Հովհաննիսյանը, Հայաստանի պետական երգչախմբի երգիչ, Օպերայի պետական թատրոնի կոնցերտմեյստեր Ժաննա Հովհաննիսյանը, հայկական ժողովրդական երգերի հայտնի կատարող Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաև 6-ամյա հրաշամանուկ Ալեքս Մելքումյանը:
Տոնակատարությունը եզրափակվեց Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ժամանակ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի ելույթներից հատվածների ցուցադրությամբ:








































