Անտարկտիկա ուղևորվող Swan Hellenic ընկերության Diana զբոսաշրջային նավի մի խումբ ուղևորներ հացադուլ են հայտարարել այն բանից հետո, երբ չեղարկվել են նախատեսված այցերն Անտարկտիկա նավի շարժիչներից մեկի խափանման պատճառով։ Այս մասին գրում է The Times-ը։
Նավը Քեյփթաունի նավահանգստից դուրս է եկել նոյեմբերի 13-ին՝ 20-օրյա նավարկության դեպի Հարավային Ամերիկա։ Նավում կա 170 ուղևոր։ Diana նավն ընդամենը մեկ տարեկան է և կառուցվել է Ֆինլանդիայում։ Շարժիչի խափանման պատճառով կրճատվել են մուտքերը Հարավային Ջորջիա կղզու նավահանգիստներ, և ամբողջությամբ չեղարկվել է այցն Անտարկտիկա։
Նավը մոտ 11 կմ/ժ արագությամբ շարժվում է դեպի Արգենտինայի հարավում գտնվող Ուշուայայի նավահանգիստ, որտեղ ինժեներները կփորձեն նորոգել շարժիչը նախքան դեկտեմբերի 3-ին նախատեսված նավի մեկնումը։
Ընկերությունն ուղևորներին առաջարկել է 50% փոխհատուցում կամ 65% զեղչ հաջորդ նավարկության համար երկու տարվա ընթացքում, ինչպես նաև նավահանգիստ հասնելուց հետո անվճար էքսկուրսիաներ Ուշուայայում, սակայն նավի ռուսաստանցի ուղևորները դա համարել են անբավարար փոխհատուցում։ Մի խումբ ռուսաստանցի զբոսաշրջիկներ հացադուլ են հայտարարել՝ նշելով, որ ընկերությունը «փչացրել է իրենց ամբողջ կյանքի արձակուրդը»։ Նրանք ցանկանում են լիարժեք փոխհատուցում նավարկության համար:
«Մենք վրդովված և հիասթափված ենք, որ այս ուղևորությունը կրճատվեց նման հանգամանքներում: Մեզնից շատերի համար սա առաջին այցն է Անտարկտիկա, և շատերի համար, հավանաբար, վերջին հնարավորությունը: Որոշ հյուրեր տարեցներ են, հաշմանդամներ: Շատերիս համար Անտարկտիկա այցելելն այն ցանկությունների ցանկում է, որոնք մենք ուզում ենք իրականացնել նախքան մահանալը կամ հաշմանդամ դառնալը», – ասվում է մի խումբ ուղևորների կողմից նավագնացային ընկերությանն ուղղված նամակում։
Ուղևորության արժեքը տատանվում էր 7000-10 000 ֆունտ ստեռլինգի սահմաններում։
Ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ ուղևորներին արված առաջարկը «զգալիորեն ավելի բարձր է, քան օրենքով պահանջվող 30%» փոխհատուցումը։









































