Եթե հաջորդ ութ տարիներին էլ շարունակվի այն վերաբերմունքը, որը եղել է նախորդ տարիներին, հաստատ չենք ունենա մրցունակ կրթական համակարգ: Բայց եթե կառավարության խոսքերը գործ դառնան, ամենայն հավանականությամբ որոշակի առաջընթաց կնկատվի, քանի որ դրա համար պոտենցիալ կա: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Սլավոնական համալսարանի ասպիրանտ, մաթեմատիկոս Արամ Ջիվանյանը` անդրադառնալով այսօր ԵՊՀ-ում անցկացված «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում. Ինտեգրում միջազգային կրթական տարածքում» միջազգային կոնֆերանսում վարչապետ Տիգրան Սարգսյանի այն խոսքերին, թե մինչև 2020 թ. Հայաստանը կունենա ժամանակակից, որակյալ ու մրցունակ կրթական համակարգ:
Նրա խոսքով` մենք մրցունակ գիտություն կունենանք միայն այն ժամանակ, երբ պետությունը գիտության հանդեպ որոշակի վերաբերմունք ունենա, երբ գիտնականն ավելի լավ վարձատրվի, երբ գիտնականն ունենա գիտությամբ զբաղվելու հնարավորություն:
«Պետությունը գիտության մեջ ռեալ ոչ մի գումարի ներդրում չի կատարում: Այս պայմաններում պետությունը ոչ մի հույս չպետք է ունենա, որ մրցունակ գիտություն կունենա»,- ասաց մաթեմատիկոսը:









































