Նոյեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովները քննարկել են արտաքին գործերի նախարարի պաշտոնում Մակա Բոչորիշվիլիի թեկնածությունը: Այդ մասին հաղորդում է civil.ge –ն և մասնավորեցնում, որ քննարկումներին ընդդիմությունը չի մասնակցել:
Բոշորիշվիլին նախորդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք» կուսակցության քվոտայով զբաղեցրել է Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Վրացական լրատվամիջոցն ընդգծում է, որ հենց այդ ժամանակահատվածում էլ Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերությունները հասել են ամենացածր մակարդակի:
Այդուհանդերձ, իշխող կուսակցությունը որոշել է, որ այս փուլում Մակա Բոչորիշվիլին արտաքին գործերի ամենահարմար թեկնածուն է: Նա, ամենայն հավանականությամբ, կնշանակվի այդ պաշտոնում:
Բոչորիշվիլիի խորհրդարանական ելույթում առանձնանում է Վրաստանի արտաքին քաղաքականության երեք առաջնահերթություն: ԱԳ նախարարի թեկնածուն աներկմիտ հայտարարել է, որ Վրաստանի համար գերակա է եվրաատլանտյան ինտեգրման հեռանկարը, և կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի եթե Եվրամիությունը 2030թ.-ին ընդլայնվելու որոշում կայացնի, ապա «թեկնածու երկրների շարքում Վրաստանը լինի ամենապատրաստը»: Բոչորիշվիլին վստահ է, որ նոր Եվրահանձնաժողովի հետ կձևավորվեն աշխատանքային հարաբերություններ:
Վրաստանի ապագա արտգործնախարարը բավական ծավալուն անդրադարձ է կատարել ռուս-վրացական հակամարտության կարգավորմանը: Նա ձևակերպել է, որ կառավարությունը «դիվանագիտական և քաղաքական հնարավոր միջոցները, ազդեցության լծակները գործի կդնի, որպեսզի բանակցային ճանապարհով հասնի Վրաստանի տարածքների դեօկուպացիային, երկրի միավորման և ինքնիշխանության ամրապնդմանը»: Ռուսաստանի հետ որևէ այլ քննարկումների հավանականությունը Մակա Բոչորիշվիլին բացառել է:
Պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում արտգործնախարարի թեկնածուն կարևորել է նաև Չինաստանի հետ հարաբերությունները: Նա նաև խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ եռակողմ ձեւաչափի պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև վստահեցրել, որ կառավարությունը «կշարունակի խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը»:
Ըստ էության՝Մակա Բոչորիշվիլին Վրաստանի արտաքին քաղաքականության որևէ փոփոխություն չի անոնսավորել: Կարևորը, թերևս, այն է, որ նա Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերաբերմունքը դիտարկել է որպես երկու ինքնակա գործընթաց: Որքանո՞վ է նրա հրապարակային խոսույթը համապատասխանում «Վրացական երազանքի» ռեալպոլիտիկին՝ ցույց կտա ժամանակը: Վրաստանի խորհրդարանի քառասունինը պատգամավոր մանդատից հրաժարվելու հայտարարություն է արել: Ներքաղաքական ճգնաժամի պայմաններում կառավարության համար, մանավանդ եվրոպական ուղղությամբ վերաբերմունքը, շատ բարդ է պատկերվում:








































