Նոյեմբերի 22-ի երեկոյան Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո այցելել է «Թուրան» գործակալության գրասենյակ: Վերջինս այդ առթիվ տարածած հաղորդագրությամբ դա համարում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հանդիպում Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
Փաստացի, սակայն, Բերբոկը հանդիպել է «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևին, տնտեսագիտության դոկտոր Գուբադ Իբադօղլուին և իրավապաշտպան Շահլա Հումբաթովային: Քննարկվել են Ադրբեջանում մամուլի, ՀԿ-ների ազատության, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր:
Նախօրեին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը մամուլի ասուլիս է տվել և առանձնահատուկ ուշադրության արժանացրել Գուբադ Իբադօղլուին: Վերջինս տնտեսագիտության դոկտոր է, տևական ժամանակ աշխատել է Լոնդոնում, ունի էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործունեությանը նվիրված մի շարք հրապարակումներ:
Ադրբեջանում նա մեղադրվում է արտարժույթի մաքսանենգության մեջ: Իբադօղլուն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ճանաչված է քաղբանտարկյալ: Միջազգային արձագանքների ճնշման տակ Ադրբեջանի իշխանությունները նրա խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինել են տնային կալանքով, բայց նա շարունակում է մնալ ոստիկանության շուրջօրյա հսկողության տակ:
Այս առումով Իբադօղլուն չէր կարող ներկայանալ «Թուրան» գործակալության գրասենյակ և մասնակցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Բերբոկի հետ հանդիպմանը, եթե Ադրբեջանի ՆԳ նախարարությունը նրան այդ արտանությունը չտար, իսկ թե ում հանձնարարությամբ են տրվում նման թույլտվությունները, կասկածել պետք չէ. նման որոշում ընդունել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանցի պաշտոնակից Բայրամովի հետ հանդիպման նախօրեին Բերբոկը մարդու իրավունքների և ազատությունների հարցում խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին: Բերբոկ-Բայրամով բանակցությունների մասին պաշտոնական տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանի արտգործնախարարն այդ քննադատությունը չի ընդունել, գնահատել է անհիմն, միտումնավոր:
Հասկացվում է, որ այդ, ինչպես նաև այլ հարցերում կողմերն իրենց դիրքորոշումը չեն փոխել: Այս իրավիճակում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը «Թուրան» գործակալության գրասենյակ այցելելու և մեկ քաղբանտարկյալի ու մեկ իրավապաշտպանի հետ հանդիպելու ի՞նչ մոտիվացիա է ունեցել:
Չէ՞ որ այդ այցը, շփումն ադրբեջանցի լրագրողների հետ, հանդիպման մասին տեղեկատվությունը որոշակիորեն մեղմում են Ադրբեջանում տոտալ սահմանափակումների և այլախոհների նկատմամբ խստագույն վերահսկողության մասին տպավորությունը, ըստ էության՝ «մաքրում» Ալիևի դեմքը:
Բացառված չէ, որ Բերբոկի և իշխանությունների միջև «պատգամախոսություն» իրականացրել է «Թուրանի» հիմնադիր տնօրեն Մեհման Ալիևը, որ սերտորեն կապված է Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության ներկայացուցիչների հետ: Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովի ոչ այնքան դրական ֆոնին Գերմանիայի արտաքին գործերի նախարարի և Ադրբեջանի «քաղհասարակության ներկայացուցիչների» հանդիպումը, մանավանդ այն ձևաչափով, որ կազմակերպվել է, Բաքվի իշխանությունները կարող են ներկայացնել ցանկալի մեկնաբանությամբ:
Կարելի է ենթադրել, որ Բայրամով-Բերբոկ բանակցություններում, այնուամենայնիվ, ինչ-որ ընդհանուր շահ շոշափվել է: Թերևս, դա կապ ունի Գերմանիայի ներքաղաքական իրավիճակի, սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ: Հակառակ դեպքում Անալենա Բերբոկը թույլ չէր տա, որ Ալիևն իրեն «փչացնի»:









































