«Առաջին լրատվականն» այսօր տեղեկացրել էր, որ Բոստոնի գեղարվեստի թանգարանը Թուրքիային է վերադարձրել «Հոգնած Հերակլեսի» արձանի մի կտորը, որը գողացվել էր թուրքական Անթալիայում 1980 թ. իրականացված պեղումների ժամանակ: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Հյուսթոնի The Menil Collection թանգարանը ստիպված է լինելու Կիպրոսի Հունական ուղղափառ եկեղեցուն վերադարձնել 13-րդ դարի երկու բյուզանդական որմնանկար:
Այդ որմնանկարները ԱՄՆ-ում հայտնվել են 1974 թ. Կիպրոսի Լիզի քաղաքի հնագույն մատուռից: Այն ժամանակ մատուռը թալանվել էր, իսկ վերոնշյալ որմնանկարները կողոպտիչները փորձել էին վաճառել սև շուկայում:
Նշվում է, որ Հյուսթոնի թանգարանում որմնանկարները կենտրոնական տեղ էին զբաղեցնում: Որմնկարներից մեկում պատկերված է Աստված` շրջապատված հրեշտակներով, իսկ մյուսում՝ Կույս Մարիամը Միքայել և Գաբրիել հրեշտակապետերի հետ:









































