Ամերիկյան արտարժույթի փոխարժեքը հայկական շուկայում անցած ամբողջ շաբաթվա ընթացքում անկում էր ապրում՝ ի տարբերություն միջազգային շուկաների: Forex Club-ի վերլուծաբանների կարծիքով՝ ամբողջ աշխարհում Հունաստանի հնարավոր դեֆոլտի, եվրագոտու մյուս երկրների վրա պարտքային ճգնաժամի տարածման և համաշխարհային երկրորդ ճգնաժամի սպասումները ավելացրել են ամերիկյան արժույթի պահանջարկը:
Մեր երկրում դոլարի էժանացումը ՀՀ Կենտրոնական բանկի միջամտության արդյունք է, որն աջակցել է ազգային արժույթին՝ դրանով իսկ խախտելով Սերժ Սարգսյանի «պատվիրանը»՝ դրամի աստիճանական արժեզրկման վերաբերյալ:
Երկրում դոլարի թանկացումը զսպելու ուղղությամբ ԿԲ միջամտության բացակայության պարագայում այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի արժեքը կարող է ավելանալ, քանի որ պահպանվում են համաշխարհային տնտեսության տեմպերի նվազման միտումները և աշխարհի ֆինանսական շուկաներում անկայունությունը: Դրան կնպաստի նաև հայ ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի հանդեպ պահանջարկի մեծացումը:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում դոլարի միջին փոխարժեքը կարող է հասնել 375 դրամ մակարդակի, իսկ կանխիկ դոլարի վաճառքի գինը, հավանաբար, կտատանվի 372-377 դրամի սահմաններում:
Հավելենք, որ ԿԲ համաձայն, առևտրային բանկերը միջբանկային շուկայում անցած շաբաթ իրականացրել են 8.4 մլն դոլարի գործարք, ինչը շատ ավելի է, քան նախորդ շաբաթ:
Անցած շաբաթվա ընթացքում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ընկել է 0.9%-ով՝ հասնելով մինչև 371.7 դրամի: Շաբաթվա ընթացքում գործարքների ծավալը կազմել է 7.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 48.7%-ով քիչ է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի միջին փոխարժեքը նույնպես ընկել է 0.9%-ով և սեպտեմբերի 24-ին կազմել է 373.32 դրամ:









































