Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ վրացական ընտանիքը վստահեցնում է, որ ամերիկյան UARS արբանյակի կտորներն ընկել են հենց իրենց բակում։ Փորձագետներն առայժմ համապատասխան գնահատական չեն տվել Վրաստանում հայտնաբերված այդ կասկածելի առարկաներին։
Սակայն NASA-ն նշում է, որ Կովկասը չէր մտնում անգամ այն ամենամոտավոր գոտու մեջ, ուր կարող էին ընկնել ամերիկյան արբանյակի կտորները։ Հյուսթոնում գտնվող NASA-ի տիեզերական կենտրոնի՝ տիեզերական աղբի գծով գլխավոր մասնագետ Նիկոլաս Ջոնսոնը Reuters գործակալությանը հայտնել է, որ իրենց հայտնի չէ, թե կոնկրետ որ հատվածում են արբանյակի մնացորդները մտել մթնոլորտի մեջ, և որ հատվածում է տեղի ունեցել դրանց անկումը։
Վրացական ընտանիքն իր հերթին հայտարարում է, որ թեև չի տեսել արբանյակի մնացորդների անկման պահը, այնուամենայնիվ, իրենց տան բակում հայտնաբերվել են նրա մասերը, որոնք ունեցել են 2 միլիմետրից մինչև 1 սանտիմետր երկարություն։









































