ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` հայտնելու
ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումները թեմայի շուրջ իր տեսակետները:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` Էդուարդ Շարմազանովը կարևորեց Սերժ Սարգսյանի այցը ԱՄՆ և նրա ծրագրային ելույթը ՄԱԿ-ում:
Նա նշեց, որ նախագահն իր ելույթում ցույց տվեց, որ Հայաստանում պետք է շարունակվեն ժողովրդավարական բարեփումները, ինքնորոշման սկզբունքը և ասաց, որ մի օր էլ անխուսափելի է Ղարաբաղի ճանաչումը:
Շարմազանովը կարևորեց նաև Ցեղասպանության դատապարտումը, նշեց, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում լճացման պատճառը Ադրբեջանն է: Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների` խորհրդարան վերադարձի մասին` նա այդ քայլն էժանագին հնարք անվանեց, քանի որ, ըստ Շարմազանովի, միջազգային հանրությունը Թուրքիայից սպասում է կոնկրետ արձանագրությունների վավերացում:
«Քաղաքական աշունն ակտիվ սկսվեց»,- ասաց Շարմազանովը` նկատելով, որ այն ավելի կակտիվանա: Իսկ ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա նա նշեց, որ ՀՀԿ-ն ցույց տվեց, որ իրենք էլ երկխոսության ջատագով են, բայց ուլտիմատումներ չեն հանդուրժի:
Խոսելով Կոնգրեսի վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի` վիքիլիկսյան անդրադարձի մասին, Շարմազանովը նշեց, որ եթե Լ.Տեր-Պետրոսյանը պետք է անդրադառնար հանրահավաքում այդ թեմային, ապա լավ կլիներ, որ նա անդրադառնար այն հաղորդագրություններին, որոնք հենց իրեն էին վերաբերում:









































