Մուամար Քադաֆիի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմն այսօր Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ գնդապետի ընտանիքը երբեք չի հարստացել Լիբիայի նավթային պաշարների հաշվին: «Նրանք եղել են Լիբիայի ամենաաղքատ բնակիչներից»,- ասել է Իբրահիմը: Նրա խոսքերով` ոչ ոք որևէ ապացույց չի բերել, որ Մուամար Քադաֆին կամ նրա բարեկամներն ունեցել են անձնական բանկային հաշիվներ: «Ողջ գումարը գնացել է լիբիական ձեռնարկություններ և ինստիտուտներ ստեղծելու վրա»,- ասել է Իբրահիմը:
Տարիներ շարունակ օտարերկրյա մամուլում հրապարակումներ են եղել Լիբիայի առաջնորդի բազմամիլիարդանոց հաշիվների մասին, որոնք բացվել էին օտարերկրյա բանկերում: Ապստամբությունը սկսվելուց ի վեր արևմտյան պետությունները հայտարարել են բազմաթիվ հաշիվների սառեցման մասին, որոնք պատկանել են Քադաֆիին և նրա ընտանիքի անդամներին:







































