Նոյեմբերի 6-ին Բաքվի զինվորական գործերով դատարանում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել: Պետական միջոցների յուրացման գործով մեղադրյալ, Ադրբեջանի ԶՈՒ ցամաքային զորքերի ֆինանսական վարչության նախկին պետ Բայրամովը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի վկայի կարգավիճակով դատակոչվի Բեյլագանի կորպուսի նախկին հրամանատար գեներալ Լեյտենանտ Մայիս Բարխուդարովը:
Բայրամովը ձևակերպել է գրավոր միջնորդություն, որտեղ Բարխուդարովից բացի նշել է նաև մոտ երկու տասնյակ բարձրաստիճան զինվորականների անուններ, որ, նրա պնդմամբ, իրենց դատական ցուցմունքներով կարող են պարզություն մտցնել քննվող գործի մի քանի էական դրվագներում:
Քրեական գործը շուրջ երկու տարի առաջ հարուցել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը: Խոսքը 143 միլիոն մանաթի յուրացման կամ վատնման մասին է, որ տեղի է ունեցել պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում և զորատեսակներում:
Մեղադրանք առաջադրվել է ԶՈՒ բոլոր զորատեսակների ֆինանսական վարչության պետերին, առայժմ գործով մեղադրյալի կարգավիճակում միայն նրանք են: Դատական նախորդ նիստում, երբ Բայրամովը հայտնել է, որ ՊՆ ներքին կարգադրության համաձայն ցամաքային զորքերի կորպուսի բոլոր հրամանատարներին ներկայացուցչական ծախսերի համար յուրաքանչյուր ամիս հատկացվել է 6 հազարական մանաթ, պետական մեղադրողը հակադարձել է, որ եթե նա իր ընկերներին գումար է տրամադրել՝ անձնական հարց է, ոչ մի կապ չունի դատաքննության առարկայի հետ:
Անցած երկու շաբաթվա ընթացքում, երևում է, այդ աղմկահարույց քրեական գործի նկատմամբ քաղաքական վերաբերմունք է փոխվել. դատարանը քննության է առել Բայրամովի միջնորդությունը և ընդունել Ադրբեջանի համար բոլոր առումներով սենսացիոն որոշում. մեղադրյալի ներկայացրած փաստարկները ճանաչվել են հիմնավոր, իսկ ամբողջ իսկությունը պարզելու համար դրանք դատարանի հատուկ որոշմամբ ուղարկվել են Պետական անվտանգության ծառայություն՝ գեներալ-լեյտենանտ Բարխուդարովի և մյուսների նկատմամբ նոր հետաքննություն նախաձեռնելու մասին խորհրդատվությամբ հանդերձ:
Այդպես կարող է լինել միայն մի դեպքում՝ եթե գործին նման ընթացք տալու հանձնարարական իջեցվել է Իլհամ Ալիևի կամ նրա աշխատակազմի համապատասխան պաշտոնյայի կողմից: Իսկ դա ենթադրում է պաշտպանության նախարարության համակարգում փողերի լվացման, յուրացումների, հափշտակությունների ցանցի առնվանզն «ներքին կարգով» բացահայտում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կառուցվածքն այնպիսին է, որ ԶՈՒ ԳՇ պետը միաժամանակ նախարարի առաջին տեղակալ է, իսկ զորատեսակների հրամանատարները՝ տեղակալ: Այսինքն, եթե ցամաքային զորքերի կամ ռազմա-օդային ուժերի ֆինանսական վարչության պետը մեղադրվում է բյուջետային միջոցների յուրացման մեջ, իսկ նա դատարանում հայտարարում է, որ անմիջական պետի կարգադրությամբ կորպուսի յուրաքանչյուր հրամանատարի ամսական 6 հազար մանաթ է վճարել, որ օրենքով սահմանված չէ, ստացվում է, որ պաշտպանության նախարարի տեղակալն ուղղակի կապ է ունեցել բյուջետային միջոցների վատնման հետ:
Խնդիրը կոնկրետ Բարխուդարովի և այլոց նկատմամբ ՊԱԾ-ում հետաքննությունն սկսելու մասին դատարանի որոշման քաղաքական ենթատեքստն է: Վատնված գումարների տեղն իրականում բոլորն էլ գիտեն: Ցանկության դեպքում իշխանությունը կարող է «հինգ րոպեում» այդ գումարները վերականգնել: Գործն ինչո՞ւ է հասնում նոր քննության, ո՞ւր կամ դեպի ո՞ւմ են ուղղվում սլաքները: Հավանական է երկու վարկած. կամ քրեական գործ կհարուցվի ԳՇ նախկին պետ, քառաունչորսօրյա պատերազմից կարճ ժամանակ առաջ «ռուսական գործակալ» հռչակված Նեջմեդին Սադիգովի դեմ, և նա կկալանավորվի, կամ հասունացել է Զաքիր Հասանովին պաշտոնանկելու պահը, պարզապես աղմկոտ բացահայտումներ են պետք, որպեսզի նա հրաժարական տա: Թե ՊՆ համակարգի կադրային փոփոխություններով ի՞նչ է ծրագրում Իլհամ Ալիևը՝ լրջագույն ուսումնասիրության թեմա է:









































