Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փոխվարչապետներ Գրիգորյանի և Մուստաֆաևի հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում էր մեկ տողով, որ սահմանազատման ու սահմանագծման հարցերից զատ, անդրադարձ է եղել նաև կոմունիկացիաների խնդրին: Ինչպես հայտնի է, այդ թեման էլ գտնվում է Գրիգորյանի և Մուստաֆաևի կուրացիայի ներքո: Նրանք են ճանապարհների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբերի ղեկավարները, որոնք ստեղծված են Հայաստանում և Ադրբեջանում:
Ընդ որում՝ սկզբից այն եռակողմ էր՝ նաև Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի ներգրավմամբ, սակայն կարծես թե տևական ժամանակ եռակողմ ձևաչափը գոնե ֆորմալ իմաստով չի գործում, թեև Օվերչուկը պարբերաբար շփվում է հայկական ու ադրբեջանական կողմերի հետ, իսկ սեպտեմբերին նա այց էր կատարել Հայաստան:
Սահմանին տեղի ունեցած հանդիպումը, սակայն, տվյալ պարագայում ուշագրավ է այն հայտարարության ֆոնին, որ դրանից մեկ օր առաջ խորհրդարանում արեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա ասաց, որ Երևանը ճանապարհների ապաշրջափակման խնդրահարույց թեմայի վերաբերյալ առաջարկ է ուղարկել Բաքու և ստացել «կիսապաշտոնական ողջույն»: Թե որն էր կիսապաշտոնական ողջույնը, նա չէր մանրամասնել, սակայն դրանից մեկ օր անց տեղի է ունենում փոխվարչապետների հանդիպումը, որտեղ քննարկվում է նաև կոմունիկացիաների հարցը: Մուստաֆաևը կրկնել է «կիսաողջո՞ւյնը», թե՞ այն դարձրել է այսպես ասած՝ ամբողջական:
Հայտնի չէ, ինչպես հայտնի չէ, թե հատկապես ինչ առաջարկ է ներկայացրել Երևանը: Արարատ Միրզոյանը նշել էր խորհրդարանում, որ Երևանի առաջարկը ենթադրում է երկրների տարածքային ամբողջության և ինքնիշխանության լիարժեք ռեժիմ: Եթե Ադրբեջանը կարող է ողջունել դա, ապա ինչո՞ւ դա ողջունելի չէր նախկինում: Ի՞նչ կարող է փոխվել, որ այժմ դառնա նվազագույնը կիսապաշտոնապես ողջունելի:
Թե՞, այդուհանդերձ, Հայաստանի առաջարկը ենթադրում է դետալ, որը առնվազն ինչ-որ իմաստով հարաբերական է դարձնում տարածքային ամբողջության և ինքնիշխանության լիարժեք ռեժիմը: Մուստաֆաևն այդ առնչությամբ Գրիգորյանի հետ հանդիպմանը «կիսով չափ ողջույնը» լրացրե՞լ է, թե՞ այդ «կեսն» էլ դատարկել նոր պայմաններով, ինչը Ադրբեջանին բնորոշ ոճն է: Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ կարող ենք անել միայն կռահումներ, քանի որ չկա ստույգ տեղեկատվություն, իսկ տարբեր մոտիվներ և պատկերացումներ ունեցող ուժային կենտրոնների պակասնևս չկա:
Այսինքն՝ կասկածից վեր է, որ այստեղ հարցի լուծումը ոչ միայն պետք է ենթադրի Հայաստանի կամ Ադրբեջանի միջև համաձայնություն, այլ նաև համաձայնություն Կովկասի հաղորդուղիների համար պայքարող ուժերի միջև, կամ առնվազն նրանցից որևէ մեկի կամ մեկ խմբի գերակայություն:









































