Մի փոքր «խմբագրելով» բանվորագյուղացիական հեղափոխության մասին համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի հայտնի միտքը, կարելի է ասել՝ ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովը, որի մասին այդքան երկար խոսում էին Ռուսաստանում, կայացել է: Կազմակերպության անդամ երկրները համաձայնացրել են ամփոփիչ հայտարարության տեքստը, որ ամբողջովին հրապարակված չէ:
Կարծես թե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ անդամ երկրներն այն կհրապարակեն՝ ըստ իրենց հայեցողության: ՌԻԱ-Նովոստին Հայտարարությունից մի քանի դրույթներ է հրապարակել: Հատկապես ուշադրության է արժանի Ուկրաինային վերաբերող կետը, որի մասին ՌԴ նախագահի օգնական Ուշակովը նախօրեին գոհունակությամբ ասել էր, որ ձևակերպումները լիովին համաձայնեցված են, ոչ մի մասնակից առարկություն չունի:
Ըստ ՌԻԱ-Նովոստիի՝ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներն Ուկրաինայի հարցում համակարծիք են, որ յուրաքանչյուր պետություն պետք է գործի ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան՝ դրանց ամբողջականությամբ և փոխկապակցվածությամբ:
Եթե Յուրի Ուշակովը համարում է, որ մեջբերված ձևակերպումը, որի հավաստիությունը հազիվ թե կասկածելի է, քանի որ տարածել է պետական լրատվական գործակալությունը, դիվանագիտական ձեռքբերում է, ապա հարկ է արձանագրել, որ ՌԴ նախագահ Պուտինի ահռելի ջանքերը «պսակվել են սիզիֆյան տառապանքով»:
Նման ձևակերպման տակ հաճույքով կստորագրի յուրաքանչյուր պետություն, անգամ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, քանի որ ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակները և սկզբունքները հանրահայտ են՝ պետությունների միջև բարիդրացական հարաբերություններ, միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության ճանաչում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, վիճակի հարցերի խաղաղ բանակցային կարգավորում:
ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությամբ ՌԴ-ն փաստացի պարտավորվել է գործել այդ նպատակին և սկզբունքներին համապատասխան՝ ընդունելով դրանց ամբողջականությունը և փոխկապակցվածությունը:
Հայտարարությունը նա ասում է, որ անդամ երկրներն ընդգծում են միջնորդության և բարի ծառայության առաջարկությունները, որ կոչված են ապահովելու երկխոսության և դիվանագիտության միջոցով հակամարտության կարգավորումը: Սա ըստ էության ոչինչ չասող ձևակերպում է: Միջնորդական առաջարկությամբ հանդես են եկել Չինաստանը, Հնդկաստանը, որոշ առումով՝ Բրազիլիան, բայց, ինչպես ռուսներն են ասում՝ а воз и ныне там:
Ռուսաստանի նախագահի համար, իհարկե, գագաթաժողովի կազմակերպումը և անխոչընդոտ անցկացումն արդեն իսկ հաջողություն է, բայց երևում է, նրա «Գլոբալ հարավ» նախագիծն այդպես էլ ինստիտուցիոնալ կառույցի չի վերածվում:
ԲՐԻԿՍ-ի ամենաճիշտ բնորոշումը, թերևս, Կազան ուղևորվելուց առաջ Հնդկաստանի վարչապետ Մոդին է տվել՝ այն ոչ թե հակաարևմտյան է, այլ արևմտյան չէ:










































