Եգիպտոսի Ռազմական խորհրդի նախագահ, Եգիպտոսի փաստացի ղեկավար, ֆելդմարշալ Հուսեյն Տանտաուին ներկայացել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի՝ Կահիրեում ընթացող դատավարությանը: Այս մասին հայտնում են եգիպտական լրատվամիջոցները:
Տանտաուին նախկին ռեժիմի ղեկավարի դեմ ընթացող քրեական գործի դատաքննության շրջանակներում հանդես է գալիս որպես վկա: Նախորդ նիստի ժամանակ Եգիպտոսի փաստացի ղեկավարը հրաժարվել էր ներկայանալ` պատճառաբանելով, որ խիստ զբաղված է՝ Իսրայելի դեսպանատան վրա հարձակման պատճառով:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, նրա երկու որդիները, ներքին գործերի նախկին նախարարը և ոստիկանության մի քանի բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ մեղադրվում են մի շարք հանցագործություններ կատարելու մեջ:
Հոսնի Մուբարաքը, մասնավորապես, մեղադրվում է այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տեղի ունեցած հեղափոխության ժամանակ ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու, ինչպես նաև կոռուպցիայի մեջ: Ցույցերի ժամանակ գրանցված բախումների արդյունքում զոհվել էր ավելի քան 850 մարդ:








































