Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն, նախագահի հատուկ օգնական Մայքլ Կարպենտերը Բաքվում Իլհամ Ալիևին է փոխանցել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նամակը, որտեղ նա Ալիևին հրավիրում է մինչև տարեվերջ ստորագրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրը:
ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է երկու շաբաթ: Եվ ինչ արդյունք էլ որ գրանցվի, եկող տարեսկզբին Ջո Բայդենը կթողնի Սպիտակ տունը: Նրա հետ կհեռանա թիմը, եթե անգամ ընտրություններում դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը հաղթի:
Ալիևին Բայդենի նամակի ինտրիգը նրանում է, թե ի՞նչն է ստիպել կամ ի՞նչ հաշվարկներ են դրդել, որ քաղաքականությունից ընդմիշտ հեռացող Բայդենը ձգտում է պաշտոնավարման քառամյա շրջանը նշանավորել հայ-ադրբեջանական «պատմական հաշտությամբ» և դրանում իր թիմի ներդրումով:
«Իմ վարչակազմը պատրաստ է համարձակ նախաձեռնություններ ցուցաբերել, որպեսզի հարթվի դեպի խաղաղություն ճանապարհը: Իմ հատուկ ներկայացուցիչ Կարպենտերը կցանկանար ձեզ տեղեկացնել մի քանի քայլերի մասին, որ մենք պատրաստ ենք ձեռնարկել և իմանալ Հայաստանի հետ բանակցությունների վերաբերյալ ձեր տեսակետը»,- ասված է Ալիևին հղած՝ ԱՄՆ նախագահի նամակում:
Ըստ էության`ԱՄՆ «համարձակ նախաձեռնությունների» և «ձեռնարկելիք քայլերի պատրաստակամության» մասին է Բայդենի նամակը, որ, բնականաբար, լայն բացվածքով և մանրամասնորեն Ալիևին ներկայացրել է Մայքլ Կարպենտերը:
Այս նախաձեռնության առումով կարելի է երկու ենթադրություն անել: Հավանական է, որ Վաշինգտոնն անհանգստացել է անցյալ շաբաթ Ստամբուլում արտգործնախարարների մակարդակով հնգակողմ հանդիպումից և ենթադրում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների մոդերացիան կարող է անցնել Ռուսաստանին:
Ստամբուլյան հռչակագրում այդ մասին հղում չկա, բայց ՌԴ արտգործնախարար Լավրովը չի զլացել և մեկ անգամ ևս պնդել է, որ Հարավային Կովկասի ամենամեծ սպառնալիքն արտատարածաշրջանային ուժերի ներգրավվածությունն է: Այս համատեքստում Վաշինգտոնը պետք է որ կրկին փորձի հասնել իր հովանու ներքո հայ-ադրբեջանական «պատմական հաշտեցման»:
Բայդենի վարչակազմի երկրորդ մոտիվացիան կարող է լինել Մերձավոր Արևելքի «տեկտոնական ճեղքվածքի» դեպքում Հարավային Կովկասում «թիկունքային ապահովություն ունենալը»: Ոչ ոք չի կարող բացառել իսրայելա-իրանական բախումը, որ ցանկացած պահի կվերաճի լայնածավալ պատերազմի: ԱՄՆ նախագահն Իլհամ Ալիևին հորդորում է հաստատել խաղաղության նվիրվածությունը:
Սա վտանգավոր ակնարկ է, որ փաստացի արձանագրում է Ադրբեջանի ռեգիոնալ դերակատարության հանդեպ ԱՄՆ զգայունությունը: Ալիևը, անկասկած, այդ հանգամանքն օգտագործելու է այն դեպքում, եթե Մոսկվան ձեռնարկի նրան «դարձի բերելուն» ուղղված քայլեր:
Բայդենի հայ-ադրբեջանական «կարապի երգն» այս առումով Հայաստանի համար բավական «բարդ ընթեռնելի» և մարտահրավերային է: Ի՞նչ առաջարկություններ են հղվել Ալիևին, ի՞նչ «համարձակ քայլեր» է ներկայացրել նրան Մայքլ Կարպենտերը: Երևանը դիվանագիտական խողովակներով դրանց տեղեկացվա՞ծ է: Դատելով խաղաղության դեպքում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի և ապրանքաշրջանառության աճի մասին ԱՄՆ նախագահի ձևակերպումից՝ խնդիրը վերաբերում է Սյունիքում հաղորդուղիների գործարկմանը:
Ի՞նչ փոխզիջում ունի այստեղ Հայաստանը: Բայդենի նամակն արժանի է շատ խորքային վերլուծության և չափազանց սթափ գնահատման: Առայժմ կարելի է մի տպավորություն արձանագրել. «խաղի» իմաստը կայանում է Ալիևին Պուտինից «առևանգելու» մեջ:












































