Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը, մեկնաբանելով Աբխազիայում ռուսական բազայի մասին համաձայնագրի վավերացումը, վստահություն է հայտնել, որ մինչև 2014 թվականը ռուս-վրացական նոր պատերազմն անխուսափելի է.
«Որպեսզի պատասխանենք այն հարցին, թե որքանով է կարևոր այդ համաձայնագիրը, պետք է հարցնել. «Իսկ Վրաստանի հետ ևս մեկ պատերազմ լինելո՞ւ է»։ Ես Ձեզ ասում եմ, որ Վրաստանի հետ նոր պատերազմը տեղի կունենա մինչև 2014 թվականը։ Կարող եք անգամ չկասկածել դրանում։ Ես կբերեմ փաստեր, որոնք վկայում են այդ մասին։
Վրացական բանակն այսօր ոչ միայն վերականգնվել է թվաքանակի առումով, այլև 8000-ով ավելացել է։ Այսօր այն ունի ավելի քան 39,000 մարդ։ Ամբողջովին վերականգնվել է վրացական բանակի սպառազինությունը։ Մատակարարումներն իրականացրել են Արևմուտքի երկրները, ինչպես նաև Իսրայելն ու Թուրքիան։ Այս անգամ սպառազինությունը հիմնականում ավելի հարմարեցված է լեռնային պայմաններում ռազմական գործողություններ մղելուն, քան նախկին սպառազինությունը։
Վրաստանում ընդունվել է նոր զորահավաքային համակարգ, ինչը շատ արդյունավետ է և հնարավորություն է ընձեռում հաշված ժամանակում զենքի տակ դնել հավելյալ քանակությամբ մարդկանց»։
Հիշեցնենք, որ WikiLeaks-յան բացահայտումների համաձայն՝ Սաակաշվիլին սարսափում է այն մտքից, որ պատմությունն իրեն կդատապարտի օկուպացված տարածքների վերջնական կորստյան համար։









































