«Երկիր» միությանն առձեռն փոխանցվել ի պաշտպանություն Վահագն Չախալյանի և ջավախքահայության իրավունքների հանրագիր (կից ստորագրություններով)՝ ուղղված 2011թ. սեպտեմբերի 19-21-ը Երևանում կայացած սփյուռքահայ կազմակերպությունների համաժողովի մասնակիցներին: Հանրագիրը կազմվել է Ջավախքում, այն ստորագրել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմի և Ծալկայի շրջաններում բնակվող ավելի քան 1400 մարդ:
Հանրագիրը կից ստորագրություններով մոտակա ժամանակում փոխանցվելու է ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Ստորև ներկայացնում ենք հանրագրի տեքստն ամբաղջությամբ և առանց փոփոխության:
Հանրագիր ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ,քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի
2011թ. սեպտեմբերի 19-20-ը Երևանում անցկացվող սփյուռքահայերի համաժողովի մասնակիցներին
Պատճենը՝ ՀՀ նախագահ պրն Սերժ Սարգսյանին
ՀՀ ազգային ժողովին
ՀՀ և սփյուռքի կուսակցություններին, կազմակերպություններին և կառույցներին
ՀՀ-ում արտերկրների դեսպաններին
Ջավախքի ժողովրդից կոչ
Ջավախքահայ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» կազմակերպության նախագահ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, այլ նաև ջավախքահայության պահպանման, Ջավախքը թուրքերով վերաբնակեցմանը դեմն առնելու, ՀՀ-ն կատարյալ շրջափակումից զերծ պահելու, ի հաշիվ թուրքերի Վրաստանի էթնիկ կազմի փոփոխումը արգելելու ուղղություններով:
Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ձեզ՝ ձեր երկրների իշխանությունների և միջազգային կառույցների միջոցով պահանջել Վրաստանի հանրապետության իշխանություններից.
ա. Դադարեցնել Վահագնի նկատմամբ բանտում կատարվող բռնարարքները և սադրանքը
բ. Դադարեցնել նրա ընտանիքի անդամների, համախոհների նկատմամբ ճնշումները
գ. Արդարացնել շինծու մեղադրանքներով ազատազրկված Վահագն Չախալյանին և անհապաղ ազատ արձակել նրան,
դ. Տարածաշրջանում վրացերենի հետ միասին, հայոց լեզվին տալ պետական կարգավիճակ,
ե. Վերացնել ՀՀ ու սփյուռքի հայ ազգային գործիչների մուտքի արգելքը Վրաստան:









































